Մատչելի հղումներ

Եվրամիությունը պատրաստվում է քննարկել գազի գնի իջեցման հարցը


Սեպտեմբերի 9-ին ԵՄ-ի էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի գնի և էներգետիկ շուկայի մասնակիցների համար վարկերի սահմանափակման հարցը

ԵՄ-ի էներգետիկայի նախարարները պատրաստվում են քննարկել էներգիայի թանկացող գների զսպման տարբերակները, այդ թվում գազի գների սահմանափակումը և էներգետիկ շուկայի մասնակիցների համար շտապ տրվելիք վարկերը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Այս նպատակով նախարարները հանդիպում են նախատեսել սեպտեմբերի 9-ին: Հիշեցնենք, որ գազի գները կտրուկ բարձրացել են Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների կրճատումից հետո:

Ըստ Reuters-ի, նախարարները քննարկելու են այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են ներմուծվող գազի գնի սահմանափակումը, էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող գազի գնի սահմանափակումը կամ ԵՄ-ի էլեկտրաէներգիայի գնագոյացման համակարգից գազով աշխատող էլեկտրակայանների ժամանակավոր բացառումը:

Փաստաթղթում, որը պատրաստվել է Եվրամիությունն այսօր նախագահող Չեխիայի կողմից, ասված է, որ նախարարները կքննարկեն նաև էներգետիկ շուկայի մասնակիցներին հրատապ «համաեվրոպական վարկային աջակցություն» տրամադրելու հարցը:

Ֆինլանդիան և Շվեդիան կիրակի օրը հայտարարեցին էներգետիկ ընկերություններին միլիարդավոր դոլարների իրացվելիության երաշխիքներ տրամադրելու պլանների մասին:

Եվրահանձնաժողովի փաստաթուղթը կրկնում է անցյալ շաբաթ արված առաջարկները. կրճատել ամբողջ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի սպառումը և սահմանափակել այն ընկերությունների կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը, որոնք գազ չեն օգտագործում այն արտադրելու համար:

''Ռոյթերս''

XS
SM
MD
LG