Հուլիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց երկու օրինագիծ, որոնք արդեն ստացել են օրենքի ուժ: Առաջինը կոչվում էր «Օրենք օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության մասին»։ Երկրորդը՝ «Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում և Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»:
Կրեմլի դիտորդներն ասում են, որ արտաքին ազդեցության մասին օրենքը անորոշ կերպով է ձևակերպված և կտրուկ կերպով մեծացնում է Ռուսաստանի քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ կառավարության վերահսկողությունը:
«Հիմա այսպիսով ցանկացածին կարելի է օտարերկրյա գործակալ համարել։ Ի՞նչ է արտաքին ազդեցությունը: Եթե օրինակ ինչ-որ մեկը լսել է «Ամերիկայի Ձայն», ուրեմն նա օտար ազդեցության տա՞կ է», Սկայպի միջոցով ասում է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Դամելիա Այտխոժինան:
Նոր օրենքներն ընդլայնում են օտարերկրյա գործակալների ցանկը, որի մեջ են մտնում նաեւ հեռուստատեսային մեկնաբան Տատյանա Լազարեւան, բլոգերներ Մաքսիմ Կացը եւ Վերոնիկա Բելոցերկովսկայան, ընդդիմության անդամ Իլյա Յաշինը, որը պատերազմի դեմ խոսելու համար այժմ գտնվում է կալանատանը:
Ինչպես Այտխոժինինան է ասում, ‘’Քանի որ Իլյա Յաշինը քաղաքական հայտնի գործիչ է, նրա վրա է կենտրոնացված մեծ ուշադրություն: Սակայն չէ որ շատ են նրա նման մեղադրյալները’’:
Ինչպես փաստաբան Դարիա Կորոլենկոն է ասում, ‘’Անցած մեկ ամսվա ընթացքում 13 նոր գործ է հարուցվել կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով: Նման 75 դեպք է գրանցվել պատերազմի սկզբից ի վեր’’:
Քրեական դատավարության մասին երկրորդ օրենքը, որը Պուտինը ստորագրել է հուլիսի 14-ին, ռազմական գործունեության ընթացքում «թշնամու շարքերը» համալրելու մասին է, որն այս օրենքով համարվում է պետական դավաճանություն` սպառնալով առավելագույնը 20 տարվա ազատազրկմամբ:
Վալերիյա Վետոշկինան, որը ներկայացնում է Մարդու իրավունքների առաջին դեպարտամենտի նախագիծը, Zoom-ի միջոցով ասում է. «Դավաճանության կամ լրտես լինելու մեջ մեղադրվելու համար պետք չէ նույնիսկ որևէ զգայուն տեղեկություն ունենալ»։ Նրա խոսքերով, 2017 թվականից ի վեր Ռուսաստանում միտում է դարձել գիտնականներին դավաճանության մեջ մեղադրելը։ 2021 թվականին ռուսաստանյան հրթիռների և տիեզերանավերի կենտրոնի գիտաշխատող Վիկտոր Կուդրյավցևը մահացել է հետաքննության ընթացքում։ Իսկ Նովոսիբիրսկից գիտնական Դմիտրի Կոլկերը ձերբակալվեց դավաճանության կասկածանքով, հիվանդանոցից տեղափոխվեց կալանավայր և չորս օր անց մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:
«Ես այցելու ունեմ, որը շուտով կդառնա 70 տարեկան: 2018 թվականին նա մասնակցել է նախագահի կողմից լիազորված միջազգային մի ծրագրի, որը ներառում էր նաեւ ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական գերձայնային ինքնաթիռի մասին մի նախագիծ: Մի քանի տարի անց Անվտանգության դաշնային ծառայությունից գալիս են նրա տուն՝ մեղադրելով նրան դավաճանության մեջ»։
Ռուսաստանի կառավարությունը այս իրավական փոփոխությունները ներկայացնում է որպես Մոսկվային արտաքին ազդեցությունից պաշտպանելու և պատերազմի ժամանակ ազգային անվտանգությունը պահպանելու անհրաժեշտ միջոցներ։