Մատչելի հղումներ

Բլինքենը ողջունում է հայ-ադրբեջանական երկխոսության դրական միտումները և կոչ անում նոր առաջընթաց գրանցել


Պետքարտուղար Բլինքենը զրուցել է նախագահ Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրա մասին հաղորդել է Բլինքենը իր թվիթերյան գրառման միջոցով: Հիշեցնենք, որ նույն օրը պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իր գրառման մեջ Բլինքենը, մասնավորապես, գրել է.

«Ես այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին։ Ես ողջունում եմ երկկողմ բանակցությունների արդյունքում առաջ եկած դրական միտումները և կոչ եմ անում հասնել հետագա առաջընթացի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը իր տարածած հայտարարություն մեջ հեռախոսազրույցի մասին, մասնավորապես, նշել է.

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցման կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինքենը խրախուսել է շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպես, օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պետքարտուղարը նաև վերահաստատել է իր աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա փոխանցել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու համար Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։ Պետքարտուղար Բլինքենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած հայ ձերբակալվածներին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

XS
SM
MD
LG