Մատչելի հղումներ

Ապստամբության ընթացքում Թրամփի խաղացած դերն ուսումնասիրվելու է րոպե առ րոպե


2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կապիտոլիումի դեմ հարձակման վերաբերյալ օրենսդիրների հետաքննությունը վերսկսվեց երեքշաբթի օրը: Հանձնաժողովը քննում էր այն հարցը, թե ինչպես է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խրախուսել աջ ծայրահեղական խմբավորումներին՝ տապալելու ժողովրդավարական գործընթացը:

2021 թվականի հունվար ամսին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված թվիթերյան մի հայտարարություն է հատկապես հայտնվել կոնգրեսականների ուշադրության կենտրոնում: Քննիչ կոնգրեսակակններն ասում են, որ հենց այդ հայտարարությունն է ծայրահեղականներին մղել հարձակում իրականացնելու ընդդեմ Կապիտոլիումի:

Ինչպես նրանք են հիշեցում, ‘’Հպարտ տղաները’’ և ‘’Երդումը պահողները’’ երկու այն խմբերն են, որոնք անմիջապես արձագանքեցին նախագահ Թրամփի կոչին: ‘’Հպարտ տղաները’’ ծայրահեղ աջակողմյան փողոցային պայքարի խումբ է, որը փառաբանում է բռնությունը և սպիտակամորթների գերակայությունը: ‘’Երդման պահապանները’’ ծայրահեղականներ են, որոնք քարոզում են դավադրության տեսությունների լայն շրջանակ և ձգտում են հանդես գալ որպես մասնավոր կիսառազմական ուժ Դոնալդ Թրամփի համար:

Յոթերորդ հանրային լսումների ժամանակ օրենսդիրները ամփոփեցին իրենց կողմից ներկայացված մեղադրանքները, ըստ որոնց Թրամփը ստել է ընտրակեղծիքների մասին՝ այդպիսով դրդելով իր կողմնակիցներին տապալել ժողովրդավարական գործընթացը:

Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմփսոնն է ասում,

«Դոնալդ Թրամփը ամբոխին կանչեց Վաշինգտոն և, ի վերջո, դրդեց դաժան հարձակում գործել մեր ժողովրդավարության դեմ»:

Թրամփը և Կոնգրեսի հանրապետականների մեծ մասը քննադատում են հետաքննությունը՝ այն անվանելով անարդար և անհավասարակշիռ: Սակայն առաջատար հանրապետականներից Լիզ Չեյնին, որը քվեարկել էր Թրամփին իմփիչմենթի ենթարկելու օգտին, ասում է, որ լսումներն նրան դատապարտում են արդարացիորեն:

Սպիտակ տան բազմաթիվ խորհրդականներ վկայել են, որ նախկին նախագահին իրենք այն ժամանակ ասել են, որ նա պարտվել է ընտրություններում: Սակայն նախագահը շարունակել է ճնշումներ բանեցնել արդարադատության նախարարության նկատմամբ:

Նրանցից Փեթ Չիպոլոնեն ասել է, թե Թրամփը հորդորել է, ‘’որ դաշնային կառավարությունն առգրավի քվեարկության մեքենաները: Իսկ դա սարսափելի միտք է մեր երկրի համար: ԱՄՆ-ում մենք այդպես չենք վարվում: Դա անելու իրավասություն չկա’’, ասել է նա:

Թրամփի նախընտրական շտաբի մենեջերը կարծում է, թե նախկին նախագահի գործողություններն ուղղակիորեն հանգեցրել են Թրամփի ջերմ աջակից Էշլի Բաբբիթի սպանությանը, ում գնդակահարել է Կապիտոլիումի ոստիկանությունը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի շենքի մոտ:

Ցուցմունք տալու պատրաստակամությամբ է հանդես եկել նաեւ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ հանրային լսումների ժամանակ քննիչները հունվարի 6-ի իրադարձությունների ժամանակ Թրամփի խաղացած դերն ուսումնասիրելու են րոպե առ րոպե:

XS
SM
MD
LG