Մատչելի հղումներ

Արդյո՞ք վտանգի տակ է Բրիտանիայի ռազմական օգնությունն Ուկրաինային Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո.


Ապրիլի սկզբին Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողքին երթով անցնում էր Կիևի փողոցներով: Այդ ժամանակից ի վեր երկու տղամարդիկ սերտ կապ էին հաստատել:

Հինգշաբթի օրը, իր հրաժարականի ելույթում, Ջոնսոնը խոսք է տվել ուկրաինայի ժողովրդին շարունակել աջակցել նրանց ազատության պայքարին:

«Թույլ տվեք հիմա ասել Ուկրաինայի ժողովրդին, որ վստահ եմ, որ Միացյալ Թագավորությունում մենք կշարունակենք աջակցել նրանց ազատության պայքարն այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասել է վարչապետը:

Զելենսկին, ի պատասխան, հարգանքի նշան է ցույց տվել Ջոնսոնին իր խոսքում:

«Չնայած դա բրիտանական հասարակության դիրքորոշումն է, պետության ղեկավարների առաջնորդությունն ու խարիզման միշտ առանձնահատուկ նշանակություն ունեն։ Հատկապես մեր ժամանակներում՝ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի ժամանակ, որը մեր երկրի միջոցով հարձակում է սկսել ամբողջ Եվրոպայի դեմ։ Այնպես որ, զարմանալի չէ, որ ուկրաինացիներն անձնական երախտագիտություն են զգում Բորիսի հանդեպ»,- ասել է Զելենսկին:

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ցուցաբերած ռազմական օգնության ծավալով զիջում է միայն Միացյալ Նահանգներին: Այս օգնությունը ներառել է հակատանկային հրթիռներ, հրետանի և նույնիսկ բազմակի արձակման առաջադեմ հրթիռային համակարգեր (MLRS-ներ): Մեծ Բրիտանիայում նաև վերապատրաստում են անցնում հարյուրավոր ուկրաինացի զինվորականներ։ Ընդհանուր առմամբ, Ջոնսոնը Ուկրաինային խոստացել էր 2,8 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն՝ 1,8 միլիարդ դոլարի մարդասիրական և տնտեսական օգնության հետ մեկտեղ:

Արդյո՞ք նրա հրաժարականը կարող է փոխել Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաիային ցուցաբերած աջակցության ծավալը: Ըստ վերլուծաբան Ջոն Կամպֆների, դա քիչ հավանական է:

«Ոչ միայն այն պատճառով, որ ըստ այս հակամարտության չափանիշների, Մեծ Բրիտանիայի մոտեցումը եղել է նույնքան հաջող, որքան մյուս երկրներինը, այլ որովհետև նրանց ցուցաբերած օգնությունն ունի նաև լայն ներքաղաքական աջակցություն»,- ասել է վերլուծաբանը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն նույնպես ընդգծել է Ուկրաինային տրվող ռազմական օգնության միջկուսակցական աջակցությունը։

«Մեծ Բրիտանիան կանգնած է Ուկրաինայի թիկունքում: Նրանց տրվող օգնությունը մեկ մարդու ջանք չէ, դա առանձին չի գալիս իմ կամ վարչապետի կողմից»,- ասել է պաշտպանության նախարարը:

Մոսկվան ողջունել է Ջոնսոնի հրաժարականը: Երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ այս առակն ուսուցանում է, որ պետք չէ ձգտել ոչնչացնել Ռուսաստանը:

Ջոնսոնը նաև աշխատում էր վերադիրքավորել Բրիտանիան անվտանգության այլ ասպարեզներում՝ ընդգծելով այսպես կոչված «AUKUS» անվտանգության պայմանագրի կարևորությունը Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Սակայն Քամպֆները պնդում է, որ այս հարցում նրա դերը սահմանափակ է։

«Տեղաշարժը դեպի Ասիա և, մասնավորապես, Չինաստանի կողմից բխող սպառնալիքը, որը ընդամենը մեկ տարի առաջ նշվեց կառավարության «Ինտեգրված վերանայման» ծրագրի մեջ, բավական կարևոր է: Սակայն Բրիտանիան «AUKUS»-ի մյուս երկրների կողքին միայն խաղացողներից մեկն է: Այս երկրներից են մասնավորապես Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Ճապոնիան, իսկ վերջերս Եվրամիությունը և Հարավային Կորեայի նման երկրները նույնպես ավելի կարևոր դերակատար են դարձել»,- հավելել է Կամպֆները:

Հոդվածը պատրաստվել է Հենրի Ռիջվելի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG