Մատչելի հղումներ

Միայն ՌԴ-ի միջնորդությամբ խաղաղ գործընթացը չի բխում ոչ ՀՀ-ի, ոչ էլ Ադրբեջանի շահերից. տեսակետ 


ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի մասին Ամերիկայի ձայնը զրուցել է ամերիկացի նախկին դիվանագետներ Ջեյմս Ուորլիքի ու Ռիչարդ Կազլյարիչի հետ

Մոսկվայից ու Բաքվից հնչող հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ բավականին շփոթեցնող են, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում պնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ նրա՝ թվում է, թե նրանք այլեւս չեն ցանկանում պահպանել այս ձևաչափը, սակայն առաջ չեն քաշում որևէ այլընտրանք՝ այսպիսով գործընթացը հանձնելով միմիայն ՌԴ-ին: Ի տարբերություն Մոսկվայի, Փարիզն ու Վաշինգտոնը շարունակում են հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևաչափին, ասում է նախկին համանախագահը:

«Միացյալ Նահանգները հստակ ուղենշել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին։ Նրանք գնացին շատ ավելի հեռու՝ նշանակելով Կովկասի և տարածաշրջանի հարցերով մասնագիտացած նոր համանախագահ»,- ասում է Ուորլիքը:

«ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի ձևաչափին». Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը ևս համամիտ է, որ ամերիկյան կողմից նոր համանախագահի նշանակումը ի ցույց է դնում Վաշինգտոնի հանձնառությունը այս ձևաչափին:

«ԱՄՆ, ըստ էության, հավատարիմ է Մինսկի խմբի ձևաչափին: Նրանք Մինսկի խմբի նոր համանախագահ են նշանակել ամերիկյան կողմից։ Վաշինգտոնում հավատացած են, որ այս ձևաչափը գործուն է»,- ասում է նա:

Նախկին դիվանագետների կարծիքով՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա խնդրահարույց դարձրեց միջնորդ լինելու հարցում Ռուսաստանի առաքելությունը:

«Ներխուժումն Ուկրաինա պարզ դարձրեց, որ անհնար է վստահել Մոսկվայի խոսքին, որը երկար ժամանակ պնդում էր, թե մտադիր չէ խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն գործնականում արեց հակառակը: Ռուսական կողմը պետք է ցույց տա, որ իսկապես հավատարիմ է խաղաղ կարգավորմանը և գործելու է ի շահ բոլոր կողմերի»,- ասում է Ուորլիքը:

«Ինձ համար Ռուսաստանն ինքն է իրեն հեղինակազրկել որպես միջնորդ՝ ներխուժելով Ուկրաինա։ Չեմ կարող տեսնել, թե ինչպես Ռուսաստանը կարող է դեր ունենալ Մինսկի խմբում»,- նշում է Կազլյարիչը:

Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով, սակայն, հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի բացասական դիրքորոշումը Մինսկի խմբի նկատմամբ, դժվար է պատկերացնել խաղաղ բանակցությունների վերադարձն այս ձևաչափին: Փոխարենը, գործընթացն ընթանում է երկու նոր միջնորդական առաքելությունների ներքո՝ ԵՄ-ի և Մոսկվայի միջնորդությամբ: Նա կարևորում է հատկապես ԵՄ-ի միջնորդական առաքելությունը և կոչ անում Վաշինգտոնին շարունակել այս գործընթացի նկատմամբ իր աջակցությունը:

«Եթե խոսում ենք միջնորդի դերի մասին, ապա ԵՄ-ը պետք է հանդես գա այդ դերում՝ շատ հանգամանքներից ելնելով, ներառյալ ուկրաինական գործոնի: ԵՄ-ն անկախ դերակատար է տարածաշրջանում, որն ունի շահեր, բայց չի ենթարկվում նույն քննադատությանը ինչպես Ֆրանսիան, ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը, երբ խոսքը գնում է դեպի այս կամ այն կողմ ավելի հակված լինելու մասին»,- պնդում է նա:

Ջեյմս Ուորլիքի կարծիքով, Մոսկվայի ու Բրյուսելի ձևաչափերը չեն մրցում միմյանց հետ, սակայն, ԵՄ-ն ավելի մեծ դեր կարող է խաղալ գործընթացում:

«ԵՄ-ի միջնորդության հետ կապված միակ խնդիրն այն է, որ ի տարբերություն ԵԱՀԿ-ի, Ռուսաստանը դրա մասը չէ: Օգտակար կլինի, եթե Ռուսաստանն իսկապես հավատարիմ լինի խաղաղ կարգավորմանը, որպեսզի համանախագահող խումբը շարունակի գործունեությունը ռուսական մասնակցությամբ»,- ասում է Ուորլիքը:

Ուորլիքի պնդմամբ հասկանալի է, որ ՌԴ-ը որպես ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմ, պետք է կապ պահպանի կողմերի հետ, սակայն խաղաղ կարգավորման գործընթացը բաղկացած է ոչ միայն խաղաղապահ առաքելության հետ կապված հարցերից, այլ բազմաթիվ այլ խնդիրներից ևս, ներառյալ կարգավիճակի հարցը, ուստի ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից է բխում, որ հայ-ադրբեջանական խաղաղ երկխոսությունը ընթանա Մոսկվայի միանձնյա միջնոդության ներքո: Դեսպան Կազլյարիչի կարծիքով էլ՝ Մոսկվան այսօր չի ընդունում, իր միջնորդությունից բացի, խաղաղ գործընթացի որևէ այլ ձևաչափ: ՌԴ-ն այսօր շատ ավելի ագրեսիվ է գործում երկկողմ հարաբերություններում, իսկ արտաքին ուժերի յուրաքանչյուր ներգրավվածության փորձ դիտարկում է որպես միջամտություն, որը մեծ անհանգստություն է պատճառում հատկապես Բաքվին, ասում է Կազլյարիչը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG