Մատչելի հղումներ

Ուկրաինական Զմեինի (թարգմանաբար` Օձերի) կղզուց ռուսական ուժերը հեռացել են


Ռուսական ուժերը դուրս են եկել Ուկրաինայի Զմեինի կղզուց, որը Սև ծովում համարվում է ռազմավարական մեծ նշանակություն ունեցող հատված: Ուկրաինան այն համարում է իր ուժերի կողմից գրանցված հաղթանակ: Ռուսաստանն իր ուժերի հետքաշումը համարում է մարդասիրական քայլ, որի նպատակը ‘’ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար միջանցք կազմակերպելու ՄԱԿ-ի ջանքերը չխոչընդոտելն է’’:

Զմեինի կղզին, որը Ռուսաստանը գրավել էր իր ներխուժման առաջին օրը, հռչակ ձեռք բերեց, երբ այնտեղ տեղակայված ուկրաինացի սահմանապահները մերժեցին ռուսական ռազմանավի կողմից իրենց ներկայացված հանձնվելու պահանջը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Twitter-ում գրել է, որ Զմեինի կղզում այլևս ռուսական զորքեր չեն մնացել։ «Մեր զինված ուժերը հսկայական ու կարեւոր աշխատանք են կատարել»,- ասված է գրառման մեջ:

Ուկրաինայի հարավային ռազմական հրամանատարությունը Facebook-ում տեղադրել է օդից երևացող կղզու պատկերը, որի վրա բարձրանում են առնվազն հինգ հսկայական սև ծխի ամպեր, որոնք, ըստ ուկրաինական կողմի, հրթիռային և հրետանային գրոհների արդյունք են:

Ռուսաստանը հայտարարել է, թե ռուսական զորքերը կատարել են իրենց հանձնարարված խնդիրները:

Reuters-ին անմիջապես չի հաջողվել պարզել ուկրաինական և ռուսական կողմերից ներկայացված բացատրությունների իսկությունը:

Հոդվածը կազմված է ‘’Ռոյթերս’’ լրատվական գործակալությունից ստացված հաղորդագրությունների հիման վրա

XS
SM
MD
LG