ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրն ասել է, թե քննարկում է բենզինի հարկի հետ կապված ժամանակավոր դադար հաստատելու հարցը, որը ամերիկացիների համար հավանաբար կնշանակի մոտ հինգ ցենտի խնայողություն յուրաքանչյուր մեկ լիտրի դիմաց:
Լրագրողի հարցին, թե նախագահը մտածում է արդյոք գազի դաշնային հարկի դադարի մասին, Բայդենը տվել է դրական պատասխան` ավելացնելով. «Այո, ես դիտարկում եմ դա»:
Իսկ, թե որքան շուտ կարող են ամերիկացիները դա ակնկալել, ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե հույս ունի, որ այն տեղի կունենա մինչեւ այս շաբաթավերջ: ‘’Այն կիրականացվի ձեռք բերվող տվյալների հիման վրա’’, ասել է նա:
Բայդենն ասել է, որ իր թիմը պատրաստվում է այս շաբաթ հանդիպում ունենալ խոշոր նավթային ընկերությունների գործադիր տնօրենների հետ՝ լսելու բացատրություններ այն մասին, թե ինչպես են նրանք արդարացնում առաջին եռամսյակի ընթացքում 35 միլիարդ դոլար վաստակելու փաստը:
Բայդենի խոսքերով, խնդիրներից մեկն այն է, որ նավթային ընկերությունները կրճատել են վերամշակման ծավալները:
Կիրակի օրը ABC հեռուստատեսային կայանի «Այս շաբաթ» հաղորդմանը տված հարցազրույցում ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն էր հայտնել գազի դաշնային հարկը ժամանակավորապես դադարեցնելու հնարավորության մասին, ինչն ամեն օր երկար ճանապարհ կտրող վարորդների համար կարող է նշանակել նկատելի գումարների խնայողություն: