Մատչելի հղումներ

ՌԴ-ի դերի նվազեցումը ստեղծել է անկայունություն, բայց նաև հնարավորություն ընձեռել ՀՀ-ին և Ադրբեջանին` հասնելու պատմական կարգավորման. տեսակետ 


Վերլուծաբանները շարունակում են քննարկել ուկրաինական զարգացումների ազդեցությունը հայ-ադրբեջանական բանակցությունների վրա

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ հակամարտող կողմերն ունեն որոշակի տարածություն՝ ԵՄ միջնորդությամբ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, սակայն գործընթացը կարող է խափանվել, հատկապես անկայուն աշխարհաքաղաքական միջավայրի պատճառով, նշում է Քարնեգի Եվրոպա հաստատության վերլուծաբան Թոմաս դե Վաալը Foreign Affairs ամսագրում հրապարակած իր հեղինակությամբ «ԼՂ-ը Ուկրաինայի ստվերում» հոդվածում: Վերլուծաբանը պնդում է՝ «առաջիկա մի քանի ամիսների ընթացքում պարզ կդառնա, թե արդյոք հակամարտող երկու կողմերը, հատկապես 2020 թ-ի պատերազմը հաղթած Ադրբեջանը, ցանկանում են առավելագույնս օգտագործել խաղաղությանը հասնելու այս հնարավորությունը»:

Նրա կարծիքով՝ այսօր Ուկրաինայում Մոսկվայի անհաջողությունները թուլացնում են Ռուսաստանի դիրքերը այլ տարածաշրջաններում, երբ նրա ռազմական և դիվանագիտական ղեկավարությունն ամբողջությամբ կլանված է ուկրաինական զարգացումներով: Դրա արդյունքում տարածաշրջանային առաջնոդները կարող են ավելի հեշտությամբ անտեսել Մոսկվայի հրահանգներն ու սպառնալիքները, ասում է վերլուծաբանը: Դե Վաալը դրանով է պայմանավորում Ղարաբաղում և դրա շուրջ արձանագրված անկայունությունն ու կողմերի միջև գլխավոր միջնորդի դերում Բրյուսելի ձգտումը՝ փոխարինելու Մոսկվային: «Ռուսաստանի դերի նվազեցումը անկայունություն է առաջացրել, սակայն դա նաև հնարավորություն է տալիս Հայաստանին և Ադրբեջանին, ցանկության դեպքում, օգտվել դրանից և ջանքեր գործադրել վերջնական և պատմական խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- գրում է դե Վաալը:

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացն Ուկրաինա ռուսական ներխուժման պայմաններում
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

The Washington Institute հաստատության վերլուծաբան Աննա Բորշչևսկայան իր հերթին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ԵՄ ակտիվացումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ևս կապում է ուկրաինական զարգացումների հետ: Ըստ նրա, սակայն, Ռուսաստանը դեռևս պահպանում է բավականաչափ ազդեցություն կողմերի վրա՝ ցանկության դեպքում խաղաղ համաձայնագիրը խափանելու համար:

«Հարցը նրանում է, թե որքան ռեսուրսներ կարող է տրամադրել Ռուսաստանը, երբ այն այդչափ կենտրոնացած է Ուկրաինայի հարցի վրա»,- ասում է Բորշչևսկայան:

Վերլուծաբաններն ընդգծում են բանակցային գործընթացում ճանապարհների վերաբացման կարևորությունը: Դե Վաալը շեշտում է՝ այս երթուղիների վերաբերյալ համաձայնությունը կունենա կարևոր հետևանքներ։ Նրա կարծիքով, այս նոր միջազգային երկաթգիծը շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև Իրանի և Թուրքիայի համար: «Ուկրաինական պատերազմի լույսի ներքո՝ համաձայնությունը կխթանի Արևմտյան Չինաստանի և Թուրքիայի միջև քիչ օգտագործվող տարանցիկ ճանապարհը՝ այսպես կոչված «Միջին միջանցքը», որը շրջանցում է Ռուսաստանը՝ անցնելով Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջով», պնդում է դե Վաալը: Աննա Բորշևսկայան էլ նշում է, որ Մոսկվան շահագրգրված չէ սահմանների վերաբացմամբ, որի արդյունքում այն կարող է կորցնել իր ազդեցությունը տարածաշրջանում ու հատկապես Հայաստանի նկատմամբ: Նա լուրջ չի ընդունում Մոսկվայի հնչեցրած դրական գնահատականները Հարավային Կովկասում ճանապարհների վերաբացման վերաբերյալ:

«Պարզապես այս պահին ճանապարհների վերաբացման մասին երկխոսությունը դեռևս ընդհանուր դիվանագիտական քննարկումների փուլում է, և հնարավոր է, որ Մոսկվան այն չի համարում իրատեսական՝ ցանկանալով սկզբունքորեն դրական հայտարարություններ հնչեցնել»,- նշում է Բարշևսկայան:

Վերլուծաբանները համակարծիք են՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ապագան անորոշ է: Կան բազմաթիվ հարցականներ: Բարշևսկայան պնդում է՝ շատ բան կախված է նրանից, թե որքան կենսունակ և արդյունավետ կլինի ԵՄ ներգրավվածությունը և արդյո՞ք Բրյուսելը պատրաստ է ստանձնել առաջնորդությունը՝ չկրկնելով նախկին սխալները, երբ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի առաջնորդությունը հանձնվել էր Մոսկվային:

«Սա պարզապես արտացոլում էր բոլորի լռելյայն դիրքորոշումը: Իսկ Ռուսաստանը երբեք չի ցանկացել, որ այս հակամարտությունը կարգավորվի, այլ ցանկացել է տեսնել այն սառեցված»,- ասում է Բարշչևսկայան:

Թոմաս դե Վաալի կարծիքով էլ Մոսկվան և Բրյուսելը, հավանաբար, կարող են պայմանավորվել կարևոր կետերի մեծ մասի շուրջ, բացառությամբ գործընթացում Ռուսաստանի՝ որպես միջնորդ առաջնային դերի։ «Արևմտյան տերությունները լռելյայն աջակցում են Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերին՝ որպես կայունացնող գործոն, և բացի այդ, ոչ ոք պատրաստ չէ ստանձնել այդ դերը։ Սակայն նրանք, անկասկած, հարցեր ունեն այն մասին, թե ինչ է սպասվում 2025 թվականին առաքելության ավարտից հետո»: Ըստ նրա՝ ենթադրվում է, որ Ռուսաստանն անորոշ ժամկետով պետք է դառնա Նախիջևան տանող նոր ճանապարհի անվտանգության երաշխավորը, սակայն նման հեռանկարն այսօր ավելի քիչ գրավիչ է թվում՝ հաշվի առնելով ռուսական բանակի գործողությունները Ուկրաինայում:

XS
SM
MD
LG