Մատչելի հղումներ

Չինաստան-Ռուսաստան գործընկերության հեռանկարներ Ուկրաինայում` Կրեմլի ագրեսիայի պայմաններում


Ուկրաինայի դեմ պատերազմի գրեթե 100 օրվա ընթացքում, արևմտյան երկրները փորձում են համոզել Չինաստանին դատապարտել ռուսական ագրեսիան։ Սակայն Չինաստանը գործում է ճիշտ հակառակ կերպ. այն ոչ միայն չի դատապարտում Ռուսաստանին, այլ նաև իր հայտարարություններով օգնում է Մոսկվային միջազգային ասպարեզում՝ Ռուսաստանում մնալով իր հումքի համար հասանելի շուկա և եկամտի աղբյուր: Այն երբեմն ցույց է տալիս նաեւ իր զինվորականների գործընկերությունը ագրեսոր երկրի բանակի հետ։

Միևնույն ժամանակ, եթե նախկինում Միացյալ Նահանգներում բարձր ձայներ էին հնչում այն փորձագետների կողմից, ովքեր խոսում էին Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի իրական դաշինքի անհնարինության մասին, ապա այժմ այդ ձայները մի փոքր ավելի հանդարտվել են, և ավելի լսելի են այն մեկնաբանությունները, որոնց համաձայն Արևմուտքը պետք է ավելի լավ պատրաստվի «Մոսկվա-Պեկին» առանցքի դեմ առճակատմանը։

Այս մասին, մասնավորապես, ասել է Ջորջթաունի համալսարանի դիվանագիտական դպրոցի պրոֆեսոր Էվան Մեդեյրոսը մայիսի 31-ին Սթենֆորդի համալսարանում «Ռուս-չինական նոր գործընկերության հեռանկարները» միջոցառման ժամանակ։

Իվան Մեդեյրոսը հայտարարել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի բացահայտ հարձակումից շատ առաջ Մոսկվան և Պեկինը իրենց հարաբերությունները տեղափոխել էին սերտ գործընկերության կատեգորիա: Եվ սա արտացոլվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժումից հետո Չինաստանի պահվածքում»:

Այս պահվածքը, ըստ գիտնականի, բաղկացած է մի քանի բաղադրիչներից. «Առաջինը Չինաստանի շատ ուժեղ և մշտական աջակցությունն է Ռուսաստանին՝ իր հայտարարություններով: Այն մեղադրում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Ռուսաստանին «սադրելու» մեջ, երբեք չի քննադատում Ռուսաստանի գործողությունները»։

Նաև 2014 թվականի համեմատ, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, Չինաստանը, ըստ Ջորջթաունի համալսարանի պրոֆեսորի, շատ ավելի ներգրավված է այս պատերազմի մասին ապատեղեկատվություն տարածելով, այնպես, ինչպես Ռուսաստանը:

Իվան Մեդեյրոսը նշում է, որ ռուսական քարոզչության տարբեր կեղծ պատմություններ կրկնում են ոչ միայն չինական լրատվամիջոցները կամ բլոգերները, դրանք հեռարձակվում են պաշտոնական ամբիոններից, մասնավորապես, բարձրաձայնում են Չինաստանի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչները։

Տեսանելի է նաև Պեկինի ուժեղ դիվանագիտական աջակցությունը Մոսկվային, որն արտահայտվում է ՄԱԿ-ում Չինաստանի պահվածքով:

Սակայն Չինաստանը, ըստ փորձագետի, շատ զգույշ է եղել տնտեսական ոլորտում՝ փորձելով չխախտել Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները, իսկ սպառազինության ոլորտում այն ոչ մի կերպ չի օգնել Մոսկվային. «Մարտ ամսին տարբեր լրատվամիջոցներից տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Ռուսաստանը Չինաստանից օգնություն է խնդրել սովորական սպառազինությունների ոլորտում: Սակայն, երբ ԱՄՆ-ը տեղեկացավ այդ մասին, Պեկինը որոշեց հրաժարվել նման քայլից:

Պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության հարցին, թե արդյոք Չինաստանն ու Ռուսաստանը կարող են ի վերջո անցնել իրական դաշնակցային հարաբերությունների, գիտնականն առաջարկել է առանձնացնել պաշտոնական դաշինքը իրականից.

«Ռուսաստանը և Չինաստանը տարիներ շարունակ ցույց են տվել, որ իրենք շահագրգռված չեն դաշինքով, եթե դա սահմանվում է որպես երկկողմ ռազմական օգնության պայմանագիր ունենալը։ Բայց շատ բան կարելի է անել առանց նման պայմանավորվածության, և նրանց հարաբերությունների հետագիծը կարող է հանգեցնել նման գործողությունների: Նրանց ռազմական ուժերը զուգահեռ զորավարժություններից անցնում են համատեղ գործողությունների, և նրանք, ըստ երևույթին, համագործակցում են ապատեղեկատվության բնագավառում: Նրանք արդեն կարող են կիսվել կիբեր ոլորտում ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի դեմ համատեղ գործողությունների ուղիներով, մարտավարությամբ և ընթացակարգերով»։

«Կարծում եմ, որ ռմբակոծիչների համատեղ թռիչքը Տոկիոյում քառյակի գագաթնաժողովի ժամանակ հստակ ազդանշան էր, որ նրանց ընթացքը կարող է հենց այդպիսին լինել», - ասում է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսորը:

Այն, որ Մոսկվան և Պեկինը մոտ ապագայում կարող են դաշնակիցներ դառնալ, այս մասին կասկածներ է հայտնել Ռիգայի համալսարանի չինական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ունա Ալեքսանդրա Բերզինա-Չերենկովան:.

«Առաջիկայում նման միություն չի լինելու։ Եթե հաշվի առնենք երկրներից յուրաքանչյուրի ռազմական էլիտայի ծայրահեղ ազգայնականությունը, ինչպես նաև արժեքավոր տեղեկություններով կիսվելու նրանց դժկամությունը, ապա նման դաշինք չի լինի»։

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG