Մատչելի հղումներ

Էներգետիկ «ապահարզան» Եվրոպայի և Ռուսաստանի միջև


Անցած շաբաթ Դանիայի Էսբյերգ քաղաքում կայացել է Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Բելգիայի ղեկավարների գագաթնաժողովը, որին քննարկվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետևանքները եվրոպական էներգիայի ոլորտի համար։ Հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել քամու և արևային էներգիայի կիրատմանը. գագաթնաժողովի մասնակիցները, մասնավորապես, որոշեցին, որ անհրաժեշտ է մինչև 2030 թվականը էապես ավելացնել հողմային և արևային էլեկտրակայանների հզորությունը։

Առանձին երկրների ջանքերին աջակցում է նաև Եվրամիության ղեկավարությունը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեենը, ով նույնպես ներկա էր Էսբյերգում կայացած հանդիպմանը, ասաց, որ Եվրահանձնաժողովը մտադիր է «արագ նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից»:

Նույն օրը՝ մայիսի 18-ին, Եվրահանձնաժողովը ներկայացրեց REPowerEU ծրագիրը եվրոպական էներգետիկ բարեփոխումների համար, որի մշակումն արագացվել էր հենց Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմից հետո: Եվրոպական երկրները ի վերջո եկան այն համուզման, որ պետք է հակազդել Ռուսաստանի գազային շանտաժին, որը Մոսկվան ակտիվ կիրառում է 2000-ականների սկզբից:

Համաձայն ԵՄ էներգիայի սպառման վերջին հասանելի տվյալների ամբողջ տարվա ընթացքում՝ 2020 թվականին ԵՄ-ը ներմուծել է իր ընդհանուր էներգիայի սպառման 57,5%-ը, ընդ որում Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը կազմում է գրեթե 25%։ Սա այն հատվածն է, որից կախված է Եվրոպան վերջին 20 տարիների ընթացքում:

ԵՄ-ի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ եվրոպացիների 85%-ը կարծում է, որ ԵՄ-ն պետք է «որքան հնարավոր է շուտ նվազեցնի իր կախվածությունը ռուսական գազից և նավթից՝ Ուկրաինային աջակցելու համար»: Սա նշանակում է, որ եվրոպացիների ճնշող մեծամասնությունը բարոյապես պատրաստ է այն լուրջ դժվարություններին, որոնց կարող է հանդիպել Եվրոպան ռուսական նավթագազային էներգակիրներից հրաժարվելու դեպքում:

REPowerEU-ն թվարկում է բազմաթիվ գործողություններ բարեփոխումների համար, որոնց թվում են էներգիայի պահպանումը, էներգիայի աղբյուրների և վերականգնվող աղբյուրների դիվերսիֆիկացումը: Այս ամենն ապագայում կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից՝ հասցնելով այն նվազագույնի, հնարավոր է՝ զրոյի։

Այնուամենայնիվ, այժմ Ռուսաստանը շարունակում է բավականին կայուն գումար վաստակել եվրոպացիների կողմից իր էներգակիրների գնման պարագայում. որոշ եվրոպական երկրների կառավարություններ պատրաստ չեն քննարկել ոչ միայն ռուսական գազից հրաժարվելը, այլև ռուսական նավթի էմբարգոն: ԵՄ-ի պատժամիջոցների վեցերորդ փաթեթն այս շաբաթ չհաստատվեց, քանի որ տարաձայնություններ առաջացան հիմնականում նավթի էմբարգոյի շուրջ, որին Հունգարիան հատկապես կատաղի դիմադրեց:

Ըստ ֆրանսիական Les Echos հրատարակության՝ Եվրոպան, դատապարտելով Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, շարունակում է փաստացի ֆինանսավորել այն: Եվրոպական Միության Հայնրիխ Բյոլ հիմնադրամի գրասենյակի տնօրեն Եվա վան դե Ռակտը, մայիսի 18-ին ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտում (Chetham House) վիրտուալ կլոր սեղանի ժամանակ, ասել է, որ այժմ բոլորը գիտակցում են սխալ հաշվարկի մասին, որը գերմանական իշխանությունների կողմից արվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում:

«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ հարձակում է եվրոպական ժողովրդավարության և ազատության վրա։ Այս պատերազմը առաջին պլան մղեց աշխարհաքաղաքական ռիսկը, որը պայմանավորված է Եվրոպայի՝ Ռուսաստանից ստացվող էներգակիրների աղբյուրներից կախվածությամբ։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ռուսաստանից էներգակիրների ներկրման այս հսկայական կախվածությունը պուտինյան ռեժիմին տրամադրել է Եվրոպային շանտաժի ենթարկելու և ապակայունացնելու հսկայական հնարավորություններ՝ միևնույն ժամանակ ավտոմատ կերպով ֆինանսավորելով ռուսական ռազմական մեքենան։ Այս համատեքստում հարկ է նշել, որ Գերմանիայի նախորդ կառավարությունները տարիներ շարունակ միտումնավոր անտեսում էին Պուտինի ավտորիտար ռեժիմից բխող սպառնալիքի մեծությունը՝ չնայած հարևան երկրների և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ԵՄ այլ գործընկերների բազմաթիվ զգուշացումներին։

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Բրյուսելի մասնաճյուղի տնօրենն իր հերթին հայտարարեց, որ «Ուկրաինայի քաղաքացիները ստիպված են սարսափելի գին վճարել տգիտության, մտածողության ծուլության և արևմտյան շատ երկրների իշխանություններին բնորոշ ժխտողական քաղաքականության համար»։

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը, Կանաչներ/Եվրոպական ազատ միություն խմբակցության անդամ, հիշեցնում է, որ Գերմանիայում իր գործընկերները իշխող կուսակցություններին հորդորել են էներգամատակարարման հարցում շատ հույս չդնել Ռուսաստանի վրա, սակայն. «Ի սկզբանե պարզ էր, որ Ռուսաստանը օգտագործում է էներգիան որպես զենք, բառացիորեն սկսած 2004 թվականից, ամեն անգամ, երբ հարևան երկրներից որևէ մեկը իրեն այնպես չէր պահում, ինչպես կցանկանար Ռուսաստանը։ Դա դրսևորվեց Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» ժամանակ, և Ռուսաստանի բոլոր հարևանները իրենց ժամանակներում բախվեցին նմանատիպ տարբեր իրավիճակների հետ, երբ Ռուսաստանը վախեցրեց նրանց՝ օգտագործելով իր էներգակիրներ»։

«Այժմ չափազանց դժվար է Ռուսաստանից Գերմանիայի էներգետիկ գրեթե 55 տոկոսից հասցնել զրոյի։ Մենք հասկանում ենք, որ ուկրաինացիները մեզանից դա են խնդրում, և նման նվազման համար շատ հիմնավոր պատճառներ կան, բայց դա չափազանց դժվար է լինելու, հատկապես Գերմանիայի համար։ Սակայն այս հարցի քննարկումը Բեռլինում ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- եզրափակեց Վիոլա ֆոն Կրամեն-Տաուբադելը։ Նրա հայրենակից Ուրսուլա ֆոն դեր Լեենի դիրքորոշումը հստակ ցույց է տալիս այս եզրակացության հիմնավորվածությունը։

Մոսկվան իր հերթին շարունակում է չհավատալ, որ Եվրոպան կկարողանա հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Նրանք այնքան էլ չեն հավատում, որ նույնիսկ առաջարկում են վերակենդանացնել այն նախագծերը, որոնք պաշտոնապես չեղարկվեցին։

Մասնավորապես, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, ով պատասխանատու է էներգետիկայի ոլորտում, այս շաբաթ ասաց, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը պահանջարկ կունենա եվրոպական շուկայում, թեև նախագիծը սառեցված է քաղաքական պատճառներից ելնելով:

Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրեց եվրոպացիներին, թե որքան վատ կլինի նրանց համար առանց ռուսական նավթի և գազի ներարկումների: Որոշ փորձագետների կարծիքով, դա կարող է անդառնալիորեն խաթարել եվրոպական արդյունաբերության մեծ մասի մրցունակությունը:

ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան նույնպես նշել է էներգետիկ ռեսուրսների թեման՝ ասելով, որ «Ռուսաստանն ակտիվորեն ուղղում է իր ենթակառուցվածքները դեպի արևելք՝ ածուխ, նավթ և գազ արտահանելու համար»: Նա վստահ է, որ աշխարհում կլինի ռուսական էներգառեսուրսների պահանջարկը:

Այնուամենայնիվ, նավթի և գազի ոլորտի հեղինակավոր փորձագիտական շրջանակներն ասում են, որ դա ամենևին էլ այդպես չէ, և որ տեսանելի ապագայում ծանր ճգնաժամ կարող է առաջանալ Ռուսաստանի էներգետիկ ոլորտում, հետևաբար և ամբողջ Ռուսաստանի տնտեսության մեջ։

Rusenergy խորհրդատվական ընկերության հիմնադիր և գործընկեր Միխայիլ Կրուտիխինը կարծում է, որ եվրոպացիները որոշել են բավականին լրջորեն զրոյացնել իրենց կախվածությունը ռուսական գազից:

«Գերմանիայի դաշնային կառավարությունը 3 միլիարդ եվրո է հատկացրել Գերմանիայի ափերի մոտ հեղուկ գազի տերմինալներ կառուցելոու (կամ վարձակալելու) համար: Ծրագիրը ներառում է այս բոլոր տերմինալների թողունակությունը հասցնել տարեկան 58 միլիարդ խորանարդ մետր: Երկու տերմինալներ արդեն ճանապարհին են, դրանք պետք է տեղադրվեն մինչև տարեվերջ։ Ես դա առկա է ամենուր՝ Իտալիայում, Խորվաթիայում, Հունաստանում, որտեղ արդեն երկրորդ տերմինալն է կառուցվում, իսկ առաջինն ընդլայնվում է։ Լատվիան ևս պատրաստվում է տերմինալ վարձակալել, իսկ Ֆինլանդիան Էստոնիայի հետ միասին կտեղադրի փոքր տերմինալ։ Սրանք այլևս միայն հայտարարված ծրագրեր չեն»:

Նույն վիճակն է նավթի ոլորտում, ասում է Միխայիլ Կրուտիխինը: «Գերմանիան պատրաստ է հրաժարվել ռուսական նավթից անմիջապես մինչև այս տարվա վերջ։ Ֆինլանդիան հենց հիմա հրաժարվում է, և նույնիսկ Բուլղարիան է հրաժարվում։ Յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին հասկանում է, որ այլընտրանքը Ռուսաստանին շանտաժի ենթարկվելն է՝ գազի ու նավթի մատակարարման ոլորտում»։

«Ռուսէներջի»-ի հիմնադիրը եվրոպական ծրագիրը խոստումնալից է գնահատում. «Շատ երկար ճանապարհ են անցել, 2006 թ-ից տարբեր փաստաթղթեր են ընդունվել։ Առկա էին շատ կոնկրետ բանաձեւեր, որոնք ասում են, թե ինչ է պետք անել՝ ապահովելու համար մատակարարների դիվերսիֆիկացում, հեղուկացված բնական գազի տերմինալների կառուցում, համագործակցության հաստատում եվրոպական երկրների միջև Եվրոպայի ամբողջ տարածքներում, որպեսզի անհրաժեշտության դեպքում էներգետիկ ռեսուրսներ տեղափոխվեն մի գոտուց մյուսը՝ թույլ չտալու նույն Ռուսաստանին թելադրել իր կամքը։ Կարծում եմ, որ այն ունի բոլոր հնարավորությունները ինչ-որ ձևով իրագործվելու»։

Որքանո՞վ կարող է հաջողակ լինել Ռուսաստանի համար «ակտիվ շրջադարձը դեպի արևելք», որի մասին խոսում է Մարիա Զախարովան: Միխայիլ Կրուտիխինի կարծիքով՝ դա ամբողջությամբ անիրատեսական է:

«Որպեսզի գազը տեղափոխվի Չինաստան Եվրոպայի փոխարեն, անհրաժեշտ է կառուցել ենթակառուցվածքներ, որը կարող է տարեկան առնվազն 100 միլիարդ խորանարդ մետր գազ ուղարկել այնտեղ։ Երեք խոչընդոտ կա. առաջինը՝ Չինաստանը չի համաձայնել ընդունել նման ծավալ, և չունի պլաներ Ռուսաստանից նման գազ գնելու: Երկրորդը՝ Ռուսաստանը փորձում է այդ գազը Մոնղոլիայի միջոցով հասցնել Չինաստան, որին կտրականապես դեմ է Պեկինը, երրորդ՝ նման ենթակառուցվածք կառուցելու համար, օրինակ ՝ «Սիբիրի ուժը - 2», անհրաժեշտ է առնվազն տասնհինգ տարի կամ նույնիսկ ավելին»:

Փորձագետը եզրակացնում է, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի էներգետիկ ոլորտը կսկսի անկում ապրել: «Տարբեր գնահատականներով՝ մինչև 25 տոկոսը, իսկ հաջորդ տարի, Ռուսաստանում արդյունահանվող նավթի թերևս մինչև 50 տոկոսը կարող է մնալ առանց գնորդների: Մայիսի 15-ին բոլոր խոշոր առևտրականները դադարեցրեցին ռուսական նավթի վաճառքը»։

«Ինչ վերաբերում է գազին, ապա եթե մինչև 2027 թվականը Ռուսաստանի համար եվրոպական շուկան սկսի ամբողջությամբ փակվել, և գազն այլ տեղ չունենա գնալու, ապա կգա Ռուսաստանի համար մի ժամանակ, երբ նա կսկսի կտրուկ կրճատել արդյունահանումը։ Միայն «Գազպրոմն» ունի կես միլիոն աշխատող, և եթե հաշվի առնենք «Գազպրոմին» և նրա աշխատանքը սպասարկող ընկերությունները, ապա այդ թիվը կհասնի մեկուկես միլիոնի։ Այդ մարդկանց մի զգալի մասը կմնա առանց աշխատանքի»,- զգուշացնում է Միխայիլ Կրուտիխինը։

Rusenergy-ի փորձագետը կարծում է, որ Եվրոպան կազատվի ռուսական նավթից ու գազից, քանի դեռ Ռուսաստանը կկարողանա գոնե մասամբ փոխհատուցել եվրոպական շուկայի կորուստը, եթե դա ընդհանրապես տեղի ունենա։ Սա, Միխայիլ Կրուտիխինի կարծիքով, հզոր հարված կլինի ռուսական տնտեսությանը, որի պատճառները հենց Ռուսաստանի վարքագծի մեջ են։

Նյութը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության լրագրող Դանիլա Գալպերովիչի հոդվածի հիման վրա

Facebook Forum

XS
SM
MD
LG