Մատչելի հղումներ

Պետքարտուղարությունը քննադատում է Ուկրաինայի բնակիչներին հպատակեցնելու Ռուսաստանի փորձերը


Մոսկվան առաջարկել է արագացված Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերել օկուպացված տարածքների ուկրաինացիներին

Միացյալ Նահանգները «կտրականապես մերժում է» Մոսկվայի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների բնակիչներին ենթարկեցնելու Ռուսաստանի բոլոր փորձերը, ներառյալ Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգի պարզեցումը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել, որով պարզեցվում է պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։ Հրամանագիրը ևս մեկ քայլ է երկու շրջանների «ռուսականացման» ուղղությամբ, որոնց գրավումը Մոսկվային թույլ տվեց ստեղծել ցամաքային կամուրջ՝ կապելով Ռուսաստանն ավելի վաղ բռնակցված Ղրիմի թերակղզու հետ։

Պուտինի հրամանագրով ընդլայնվում է սխեման, որը նախկինում հասանելի էր Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող շրջանների բնակիչների համար, որտեղ Մոսկվան 2019 թվականից ի վեր տրամադրել է մոտ 800,000 անձնագիր:

Մարտի կեսերին Ռուսաստանը հայտարարեց Խերսոնի շրջանի իր ամբողջական և Զապորոժիեի շրջանի մասնակի վերահսկողության մասին։

Խերսոնի շրջանի նահանգապետը հեռացվել է իշխանությունից: Քաղաքացիական-ռազմական վարչակազմը, որը նշանակվել է Մոսկվայի կողմից, ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Պուտինին խնդրել շրջանը ներառել Ռուսաստանի կազմում մինչև 2022 թվականի վերջը: Կիևը հայտարարեց, որ կվերադարձնի Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները։

Պատասխանելով Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու մասին հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ Վաշինգտոնը «կտրականապես մերժում է» Ռուսաստանի կողմից Ուկրաինային իր կամքը պարտադրելու բոլոր փորձերը։

«Մենք տեսել ենք, որ ռուսական ուժերը փորձում են այլ կերպ հպատակեցնել կամ այլ կերպ ճնշել ուկրաինացի ժողովրդին այս տարածքներում», - ասել է Փրայսը մամլո ասուլիսին:

XS
SM
MD
LG