Մատչելի հղումներ

Ինչպե՞ս համատեղել անհամատեղելիները` ԶԼՄ-ների ազատությունը և Ռուսաստանում վախի մթնոլորտը


ՄԱԿ-ի շրջանակներում անցկացվող քննարկումների ժամանակ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում են համացանցում ապատեղեկատվական արշավ կազմակերպելու, ռուս լրագրողներին վախեցնելու և ձերբակալելու մեջ, ովքեր փորձում են ուկրաինական պատերազմի մասին ճշմարտությունը փոխանցել լսարանին:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կտրականապես մերժել են Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարություններն այն մասին, որ Արևմուտքն իբր փորձում է վերահսկողություն սահմանել տեղեկատվության հոսքի վրա՝ պարզելու համար, թե որն է ճիշտը և որը՝ ոչ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես ասել է. ‘’Կրեմլը խստացրել է իր երկաթե հսկողությունը քաղաքացիական հասարակության վրա, այդ թվում՝ ընդունելով «ապատեղեկատվական» օրենք, որը կոչված է լռեցնելու ճշմարտությունն ասողներին: Բազմաթիվ ռուս լրագրողներ և լրատվամիջոցների այլ ներկայացուցիչներ, կանգնելով ռեպրեսիայի և գրաքննության կամ հաշվեհարդարի սպառնալիքի միջև ընտրության առաջ, դժվարին ընտրություն են կատարել՝ փախչել իրենց երկրից»:

Սա այն գինն է, որը վճարել են լրատվամիջոցների աշխատակիցները և նրանց ընտանիքները՝ փորձելով ազնվորեն պատմել Պուտինի կողմից սկսված «Ուկրաինայում անարդարացի և դաժան պատերազմի պատմությունը», - ասել է Բայդենը։

«Երկրի լրատվական տարածքում անկախ լրատվամիջոց չի մնացել»

Ռուս պաշտոնյաների հայտարարությունները, անկախ նրանից, թե ինչ պաշտոններ են նրանք զբաղեցնում, այսպիսի մեկնաբանություններին մոտենում են մեծ դժվարությամբ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է Daily Journal-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռիկլինը։ Որովհետեւ, նրա կարծիքով, դրանց մեջ սովորաբար ճշմարտության ոչ մի խոսք չկա։ «Սակայն երբեմն թվում է, որ իրենք երբեմն սկսում են հավատալ այն բացահայտ ստերին, որոնք իրենք են հեռարձակում ամբողջ աշխարհի համար» - պարզաբանում է նա:

Այնուամենայնիվ, շատերը դեռ սկսում են գիտակցել, որ Ուկրաինայում ինչ-որ բան այն չէ, որ, ըստ երևույթին, Կրեմլը բոլորովին այլ ծրագիր ուներ, կարծում է Ալեքսանդր Ռիկլինը: Ռուսական զորքերը լքում են գրավված դիրքերը և արդեն երեք ամսից ավելի չեն կարողանում հասնել զգալի հաջողությունների։ ‘’Սակայն ցավալիորեն նույնիսկ մարտադաշտերում անհաջողությունները և կրած կորուստները դեռևս պատշաճ ազդեցություն չեն թողնում հանրության վրա։ Ըստ հարցումների՝ բնակչության զգալի մասը պաշտպանում է պաշտոնական կուրսը կամ հավակնում է աջակցել դրան։

Միևնույն ժամանակ հատկանշական է, որ Ռուսաստանի իշխանությունները համեստորեն լռում են այսօր Ռուսաստանում խոսքի ազատության վիճակի մասին, նկատում է լրագրողը։ «Հիմա երկրի լրատվական տարածքում անկախ լրատվամիջոց չի մնացել։ Դատարկ զերո: Արգելափակված են տեղեկատվության բոլոր արտասահմանյան աղբյուրները։ Վերակառուցվել է Երկաթե վարագույրը։ Եվ թե որքան այն կշարունակվի, կախված կլինի պատերազմի ավարտի ձեւաչափից։ Բայց թե երբ եւ ինչպես կավարտվի, հայտնի չէ: Այս մասին կարելի է միայն ենթադրություններ անել։ Այնուամենայնիվ, ես լավ տարբերակներ չեմ տեսնում Ռուսաստանի համար ընդհանրապես և ԶԼՄ-ների ազատության առումով՝ մասնավորապես։ Կցանկանայի հուսալ, որ սխալվում եմ»,- եզրափակել է Daily Journal-ի գլխավոր խմբագիրը։

«Պուտինիզմն ու ամենադաժան գրաքննությունն այժմ հավերժ կապված են միմյանց»

Արևմուտքն իսկապես հավատարիմ է որոշակի սկզբունքների, ամեն դեպքում համաձայն է, որ երկու անգամ երկուսը չորս է, և սևը սպիտակ չի անվանում՝ ի տարբերություն Կրեմլի քարոզչության, կարծում է սոցիոլոգ և հրապարակախոս, Ռուսաստանի ժուռնալիստների միության նախկին գլխավոր քարտուղար Իգոր Յակովենկոն։ «Սակայն Ռուսաստանում հեշտությամբ կարող ես բանտ նստել՝ ասելու համար, որ երկու անգամ երկուսը չորս է, սա է ողջ տարբերությունը», - ասում է «Ամերիկայի Ձայնի» զրուցակիցը:

Այսպիսին են խոսքի ազատության առանձնահատկությունները այսօրվա Ռուսաստանում, այդպիսին է Կրեմլի ղեկավարների կողմից լրագրության հիմքերի և լրագրողների իրավունքների «ինքնիշխան» ըմբռնումը, շեշտում է Իգոր Յակովենկոն:

Պուտինը սկսեց լրագրությունը խցկել ասֆալտի տակ իր նախագահության առաջին իսկ օրերից, ասում է փորձագետն ու ավելացնում. «Նախ նա ոչնչացրեց NTV-ը՝ այն ժամանակվա ամենաազդեցիկ ոչ պետական լրատվամիջոցը, հետո լուծարեց մնացած բոլոր անկախ լրատվամիջոցները։ Նրա օրոք մոտ 1500 լրագրող է սպանվել իրենց մասնագիտական գործունեության համար։ Բայց լրագրությունը շարունակում էր աճել ասֆալտի միջով։ Իսկ այժմ մեդիա տարածքն ամբողջությամբ մաքրվել է։ Անկախ տեղեկատվության հոսքի հիմնական մասը գալիս է միայն դրսից»:

Ընդ որում, Իգոր Յակովենկոն չի հավատում, որ մեդիա ոլորտում դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ նույնիսկ ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ «Կարծում եմ՝ Պուտինի օրոք պատերազմն ընդհանրապես երբեք չի ավարտվի, այլ միայն կմտնի այլ փուլ»,- ասում է նա։ Պուտինը փոխել է իր գոյության ձևը. Եթե նախկինում նա ողջ էր այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության վրա էր, հիմա ողջ է, քանի դեռ կռվում է։ Ուստի տոտալ գրաքննությունը չի վերանա մինչև պուտինյան ռեժիմի ավարտը։ Պուտինիզմն ու դաժան գրաքննությունն այժմ ընդմիշտ կապված են միմյանց հետ»։

Լավ փաստն այն է, որ ֆաշիստական ռեժիմները, ինչպես նաեւ բոլոր դիկտատորները մահկանացուներ են: Իսկ դա նրանց հետ հաճախ է պատահում հանկարծակի, եզրափակում է Ռուսաստանի լրագրողների միության նախկին ղեկավարը։

Սույն նյութը կազմված է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի Ռուսական ծառայության լրագրող Վիկտոր Վլադիմիրովի հոդվածի հիման վրա:

XS
SM
MD
LG