Մատչելի հղումներ

«Ազովստալ»-ի հանձնված մարտիկների ընտանիքները օգնություն են խնդրում միջազգային հանրությունից


Ազովստալ պողպատի գործարանի ուկրաինացի մարտիկների ընտանիքները, ովքեր գտնվում են Թուրքիայում՝ թուրքական իշխանություններից օգնություն խնդրելու համար, ուրբաթ օրը, մայիսի 20-ին, կիսել են իրենց անհանգստածությունը ընտանիքների անդամների ճակատագրերի վերաբերյալ:

Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում մարտիկներից մեկի կինը՝ Նատալյա Զարիցկան, ասաց, որ վերջին երկու օրվա ընթացքում ոչինչ չի լսել ամուսնուց, իրենց վերջին տասը րոպե հաղորդագրության փոխանակումից հետո «Telegram» հավելվածի միջոցով:

Զարիցկան, ում ամուսինը հանձնվել էր ռուսական ուժերին, «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռ հավատում է, որ ամուսինը մի օր կվերադառնա տուն:

«Ամուսինս երկու օր առաջ գրեց, որ իրավիճակը իսկապես ծանր ու սարսափելի էր: Նա ճանապարհին է մի դժոխքից դեպի մյուս դժոխք: Ազովստալ պողպատի գործարանից դեպի բանտ ու գերություն: Սա դժվար է և ինձ և իր համար», - ասել է նա:

Միջազգային հանրությունից օգնություն խնդրելով՝ Զարիցկան ասել է, որ «Ազովստալ»-ի մարտիկների ընտանիքների անդամները ծրագրում են համախմբվել ստեղծելու միջազգային կազմակերպություն՝ գերության մեջ գտնվող իրենց սիրելիներին պաշտպանելու համար:

«Դա կլինի միջազգային կազմակերպություն և նպատակը կլինի նրանց իսկապես փրկելը», - հավելել է նա:

Ուկրաինայի Ազովի գնդի հրամանատարը, ուրբաթ օրը հրապարակված տեսանյութում ասել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանից տարհանվել են քաղաքացիական անձինք և ծանր վիրավորված մարտիկները՝ որևէ այլ տեղեկություն չտալով մնացած մարդկանց ճակատագրերի մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Ազովստալից մինչ այժմ ուկրաինացի գրեթե 2000 զինվոր է հանձնվել։ Ուկրաինացի պաշտոնյաները չեն հաստատել այդ թիվը, իսկ «Reuters»-ը չի կարողացել ճշտել այն։

Մեծ Բրիտանիան ուրբաթ օրը հայտնել է, որ հանձնվել է մոտ 1700 մարտիկ, սակայն ներսում դեռ մնացածների թիվը անհայտ է:

Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի նյութի հիման վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG