Մատչելի հղումներ

Մարիուպոլը` ռուսական վերահսկողության ներքո


Ամիսներ տեւած ռմբակոծություններից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան վերջապես այս ամսվա սկզբին պայմանավորվեցին Մարիուպոլում ստորգետնյա ապաստարաններում մնացած խաղաղ բնակիչների տարհանման մասին:

ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք տարհանել են հարյուրավոր մարդկանց, սակայն հայտնի չէ, թե դեռեւս քանի խաղաղ բնակիչ է մնացել այնտեղ: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակից Սավիանո Աբրեուն ասում է, որ այստեղից դուրս բերված մարդկանց խոսքերով, դեռեւս մեծաթիվ մարդիկ կան այնտեղ:

Օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատակիցները Զապորոժիայում սննդամթերքով և այլ անհրաժեշտ պարագաներով լի վրաններ են տեղադրել: Այս քաղաքը հեռու չէ պատերազմական գոտուց, սակայն գտնվում է ուկրաինական ամուր վերահսկողության ներքո:

Այստեղ տեղափոխված անձինք ասում են, որ թեեւ ապահով վայրում են հիմա գտնվում, սակայն իրենք դեռեւս վախենում են:

«Ռուսները մեր մասին բոլոր տեղեկությունները ունեն իրենց տվյալների բազաներում: Եթե հեռանում եք նրանց տարածքներից, անցնում եք «ֆիլտրում», և նրանք վերցնում են յուրաքանչյուրի մատնահետքերը: Բոլոր անձնագրային տվյալները վերցնում են», ասում են նրանք ու հիշում, որ փողոցներում ամենուր կարելի է հանդիպել մարդկային դիակների:

Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի ղեկավարները հայտարարեցին, որ Մարիուպոլի համար մղված մարտերն ավարտված են համարում եւ կոչ են անում հրամանատարներին փրկել մնացյալ զինվորականների կյանքը:

Հարյուրավոր զինվորականներ են դրանից հետո տարհանվել Ազովստալից: Ուկրաինան այժմ փորձում է բանակցել նրանց ազատ արձակելու հարցի շուրջ:

Ուկրաինայում շուրջ չորս ամսվա պատերազմի ընթացքում միլիոնավոր մարդիկ են տեղահանվել, հազարավոր մարդիկ` զոհվել: Իսկ այն շրջաններում, որոնք նախկինում գրավված էին Ռուսաստանի կողմից, եւ այժմ վերադարձել են ուկրաինական վերահսկողության ներքո, պաշտոնյաները հետաքննում են պատերազմական հանցագործությունների մասին լուրերը:

Հեդեր Մարդոչկովա Արամ Վանեցյան

XS
SM
MD
LG