Մատչելի հղումներ

«Դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր Միացյալ Նահանգներում». պետքարտուղար Բլինքենը՝ ԱԳ նախարար Միրզոյանին


ԱՄՆ պետքարտուղարություն, Վաշինգտոն, 2 մայիսի, 2022թ.

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության հերթական նիստին մասնակցելու համար՝ Միացյալ Նահանգներ է ժամանել ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էր նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 2-ին Վաշինգտոնում ընդունել է Միացյալ Նահանգներում այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Վերջինս ԱՄՆ է ժամանել մասնակցելու ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության հերթական նիստին:

ԱՄՆ պետքարտուղարը հանձն է առել շարունակել ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները Երևանի ու Վաշինգտոնի միջև, ինչպես նաև համագործակցությունը՝ կապված Հայաստանի բարեփոխումների հետ։ Ըստ ԱՄՆ պետքրատուղարության տրամադրած տեղեկության՝ պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և նրա հարևան երկրների միջև ընթացող երկխոսությունը։ Բլինքենը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին Հայաստանի ցուցաբերած ճկունության համար և խրախուսել շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների անցկացումը՝ ընդգծելով ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղությանն ու բարգավաճմանը հասնելու հարցում, ներառյալ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

«Շատ առումներով այսօր դժվարին ժամանակներ են: Դրանք մարտահրավեր են նաև Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր Միացյալ Նահանգներում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումից հետո իր կարճ ելույթում:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրներին հաջողվել է շատ ամուր հարաբերություններ կառուցել, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա, իր հերթին հանդիպումից հետո իր խոսքում նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Վերջինս ընդգծել է ԱՄՆ-ի կարևոր դերակատարությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որն ունի միջազգային հանրության մանդատ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հարցում:

«Բարձր եմ գնահատում նաև ԱՄՆ-ի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Միացյալ Նահանգների միանշանակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման և այս տարի դրա հաստատման հարցում»,- ասել է Միրզոյանը:

Ավելի ուշ Արարատ Միրզոյանը թվիթերյան գրառմամբ ԱՄՆ-ի պետքարտողարի հետ հանդիպումը որակել է «շատ արդյունավետ»: Պետքարտուղար Բլինքենն էլ իր հերթին իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է ամրապնդել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, «որոնք ամուր կերպով հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»։

Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը և ՀՀ արտգործնախարարը ստորագրեցին Միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Այն հնարավորություն է ընձեռում կողմերին խորացնել ռազմավարական համագործակցությունը՝ հենվելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ձևաչափի ձեռքբերումների վրա, նշում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Հուշագիրը միտված է բարելավելու կողմերի համագործակցությունն էներգետիկ անվտանգության ոլորտում և ամրապնդելու դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները երկրների միջև:

Այդ նույն օրը մայիսի 2-ին Վաշինգտոնում իր այցի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

XS
SM
MD
LG