Ռուսաստանը մտադիր է խստացնել «անբարյացակամ երկրներից» արտասահմանցի լրագրողների մուտքի և աշխատանքի երկիր վիզաների հատկացումը։ ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովի հայտարարության համաձայն՝ դա կարվի որպես պատասխան ԵՄ գործողություններին՝ ուղղված ռուս գործարարների համար վիզաների տրամադրման կանոնների խստացմանը։
Ռուսաստանը չի նախատեսում արգելել օտարերկրյա լրագրողների մուտքը, ասել է Իվանովը, բայց դա կանի «որպեսզի նրանց համար դժվարանա մուտքի վիզաներ ստանալը»։ Փոխնախարարի խոսքով՝ «ոչ բարեկամ երկրների» լրագրողներին այսուհետ կտրամադրվեն միայն մեկանգամյա վիզաներ, վիզաների արժեքն էլ կբարձրանա։
Մարտի 7-ին ՌԴ կառավարությունը հաստատել է 48 երկրների մի ցանկ, որի մեջ ընդգրկված երկրները, ըստ ՌԴ իշխանությունների, «ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դեմ»։ Այս երկրները դատապարտել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կամ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական պատերազմի համար։
«Անբարյացակամ երկրների» ցանկում են, մասնավորապես ԱՄՆ-ը, ԵՄ բոլոր երկրները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ճապոնիան։