Մատչելի հղումներ

Ֆրանսիայի դատախազությունը ուսումնասիրում է ԵՄ զեկույցը, ուր Լը Պենին մեղադրում են խարդախության մեջ


Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան առաջնորդին մեղադրանք է առաջադրվել ԵՄ ֆինանսական միջոցների յուրացման մեջ

Ֆրանսիայի դատախազը կիրակի օրը հայտարարել է, որ ուսումնասիրում է Եվրամիության խարդախության դեմ պայքարի գործակալության (OLAF) զեկույցը, որը մեղադրում է նախագահի ծայրահեղ աջակողմյան թեկնածու Մարին Լը Պենին և նրա կուսակցության անդամներին ԵՄ ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ:

Հիշեցնենք, որ Լը Պենը Էմանուել Մակրոնի մրցակիցն է Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Մակրոնն առաջ է Լը Պենց հաջորդ կիրակի կայանալիք ընտրությունների երկրորդ փուլից առաջ:

Փարիզի դատախազությունը հաստատել է, որ ուսումնասիրում է մարտի 11-ին Եվրոպական խարդախությունների դեմ պայքարի գրասենյակից ստացված զեկույցը։

Mediapart հետաքննական կայքը շաբաթ օրը հայտնել է, որ OLAF-ի զեկույցի համաձայն՝ Լը Պենը յուրացրել է 140 հազար եվրո, իսկ նրա կուսակցության անդամները՝ ընդհանուր առմամբ 617 հազար եվրո։ Նրանք մեղադրվում են ոչ թե անձնական շահ ստանալու մեջ, այլ ԵՄ-ից կադրերի և կուսակցական միջոցառումների համար ծախսեր պահանջելու մեջ։

Լը Պենի գրասենյակը չի մեկնաբանել այս լուրը։ Սակայն Ազգային միություն կուսակցության նախագահի պաշտոնակատար Ջորդան Բարդելը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ֆրանսիացիները չեն խաբվի Եվրամիության և եվրոպական կառույցների փորձերին՝ միջամտելու նախագահական արշավին և վնասելու Մարին Լը Պենին։

Նա ասաց, որ իր կուսակցությունը երկու բողոք է ներկայացրել OLAF-ի դեմ և երրորդը կներկայացնի՝ ի պատասխան վերոհիշյալ զեկույցի:

Լը Պենի փաստաբան Ռոդոլֆ Բոսելուտը BFM TV-ին ասել է, որ իր պաշտպանյալը հերքում է մեղադրանքները։ Փաստաբանի խոսքով՝ ինքը դեռ չի հարցաքննվել, և ոչ ինքը, ոչ էլ Լը Պենը չեն տեսել OLAF-ի զեկույցը։

Լը Պենը հետաքննվում է 2017 թվականից՝ խորհրդարանական օգնականներին վճարելու նպատակով ԵՄ միջոցներ ստանալու և ենթադրյալ չարաշահումներ իրականացնելու հետաքննության շրջանակներում:

Հոդվածը պատրաստվել է Reuters-ի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG