Մատչելի հղումներ

Ուկրաինան պատրաստվում է ռուսական նոր հարձակման


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին շարունակում է միջազգային աջակցության մոբիլիզացիան և հայրենակիցներին հավաքագրելու իր արշավը՝ զգուշացնելով, որ գալիք շաբաթը կլինի կարևոր և վճռական։

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել ռուսական նոր հարձակմանը:

«Ռուսաստանն էլ ավելի կվախենա: Նա կվախենա պարտվելուց։ Նա կվախենա, որ ստիպված կլինի խոստովանել ճշմարտությունը»,- ասել է Զելենսկին ուշ երեկոյան տեսաուղերձում։ - Ռուսական զորքերը գնալու են էլ ավելի լայնածավալ գործողությունների մեր երկրի արևելքում։ Նրանք կարող են ավելի շատ հրթիռներ օգտագործել մեր դեմ, նույնիսկ ավելի շատ օդային ռումբեր։ Բայց մենք պատրաստվում ենք նրանց գործողություններին։ Մենք կպատասխանենք»։

Երկուշաբթի՝ ապրիլի 11-ի վաղ առավոտյան ամբողջ Ուկրաինայում օդային հարվածների ձայներ են հնչել:

«Միանգամայն հավանական է, որ հակառակորդը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքներին, որպեսզի խափանվի մարտական ստորաբաժանումների մատակարարումը դրանք ոչնչացնելու կամ վնասելու նպատակով», - ասում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Երկուշաբթի օրը Նոր Զելանդիան հայտարարեց, որ լրացուցիչ ռազմական օգնություն է ուղարկում Կիևին։ Խոսքը բեռներով ուղարկված ռազմատրանսպորտային ինքնաթիռի և 50 մասնագետների մասին է, որոնք կօգնեն ռազմական տեխնիկան տեղափոխել Եվրոպայի բաշխիչ կենտրոններ, որտեղից այն կարող է ցամաքային ճանապարհով առաքվել Ուկրաինա։

Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը ապրիլի 11-ին հայտարարել է, որ կիրակի օրը ռուսական ծովային հրթիռները ոչնչացրել ենՍ-300 զենիթահրթիռային համակարգերը, որոնք Ուկրաինային մատակարարվել են եվրոպական երկրներից մեկի կողմից։

Այդ ընթացքում ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները կիրակի օրը հայտնել են, որ 60-ամյա ռուսասանցի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը՝ Ռուսաստանի ամենափորձառու գեներալներից մեկը, նշանակվել է Ուկրաինայում ռուսական զորախմբի նոր հրամանատար։

2015 թվականին Դվորնիկովը մեկնել է Սիրիա՝ աջակցելու նախագահ Բաշար ալ Ասադին և մեկ տարի այնտեղ ղեկավարել ռուսական խմբավորումը։ Սիրիայում գործողությունների համար նա արժանացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման, ներկայումս հանդիսանում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG