Մատչելի հղումներ

Չինաստանը գաղտնի հրթիռներ է մատակարարում Սերբիային


Ապրիլի 9-ին Սերբիան գաղտնի ստացավ չինական արտադրության հզոր ՀՕՊ համակարգեր։ Արևմուտքը մտավախություն ունի, որ ուկրաինական պատերազմի ժամանակ Բալկաններում ռազմական կարողությունների ուժեղացումը կարող է սպառնալ տարածաշրջանում առանց այն էլ փխրուն խաղաղությանը:

Լրատվամիջոցները և ռազմական փորձագետները ապրիլի 10-ին հայտնել են, որ շաբաթ՝ ապրիլի 9-ի վաղ առավոտյան, Չինաստանի ռազմաօդային ուժերի Y-20 վեց տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բելգրադի քաղաքացիական օդանավակայանում՝ կրելով սերբական բանակի համար նախատեսված HQ-22 զենիթահրթիռային համակարգեր:

Բելգրադի Նիկոլա Տեսլա օդանավակայանում լուսանկարվել են չինական բեռնատար ինքնաթիռներ՝ ռազմական գծանշումներով։ Սերբիայի պաշտպանության նախարարությունը չի պատասխանել մեկնաբանության համար AP-ի խնդրանքին:

Դեռևս 2020 թվականին ԱՄՆ-ը Բելգրադին զգուշացրել էր HQ-22 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու մասին, որի արտահանման տարբերակը հայտնի է որպես FK-3։ Չինական հրթիռային համակարգը հաճախ համեմատում են ամերիկյան Patriot համակարգի և ռուսական С-300-ի հետ, թեև այն ավելի կարճ հեռահարություն ունի։ Սերբիան կդառնա Եվրոպայում չինական հրթիռների առաջին կրողը:

2020 թվականին Սերբիան Չինաստանից ստացել է նաև Chengdu Pterodactyl-1 անօդաչու թռչող սարքեր, որոնք Չինաստանում հայտնի են որպես Wing Loong:

ՆԱՏՕ-ի անդամ առնվազն երկու երկրների՝ Թուրքիայի և Բուլղարիայի օդային տարածքով զենքի մատակարարումները փորձագետները դիտարկում էին որպես Չինաստանի գլոբալ ազդեցության ցուցադրում:

«Y-20-ների հայտնվելը անակնկալ էր, քանի որ նրանք թռչում էին խմբով, ի տարբերություն նախկինում միայնակ թռիչքների», - գրել է Warzone առցանց ամսագիրը: «Y-20-ի առկայությունը Եվրոպայում նորություն է»: Սերբ ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ռադիչը հայտարարել է, որ «չինացիներն ուժ են ցուցադրում»։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարումը, որը համաձայնեցվել է դեռևս 2019 թվականին՝ ապրիլի 9-ին ասելով, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի կներկայացնի սերբական բանակի «նորագույն հպարտությունը»: Ավելի վաղ նա բողոքել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները՝ Սերբիայի հարևանները, հրաժարվում են համակարգել տրանսպորտային ինքնաթիռների թռիչքները իրենց տարածքի վրա՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով լարվածության պայմաններում:

Սերբիան կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևերին, որոնք դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն նա հրաժարվել է միանալ Մոսկվայի դեմ միջազգային պատժամիջոցներին և բացահայտ չի քննադատում նրան ռուս զինվորականների կողմից կատարված ակնհայտ ռազմական հանցագործությունների համար:

Արևմուտքում մտավախություն ունեն, որ Ռուսաստանի և Չինաստանի կողմից Սերբիային զինումը կարող է բալկանյան երկրին մղել նոր պատերազմի, մասնավորապես նրա նախկին Կոսովոյի նահանգի դեմ, որը անկախություն է հռչակել 2008 թվականին: Սերբիան, Ռուսաստանը և Չինաստանը չեն ճանաչում Կոսովոյի պետականությունը, մինչդեռ այն ճանաչվել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների մեծ մասի կողմից:

ԱՄՆ պաշտոնյաները նաև AP-ին ասել են, որ եթե Սերբիան իսկապես ցանկանում է միանալ Եվրամիությանը և արևմտյան այլ դաշինքներին, նա պետք է իր ռազմական տեխնիկան համապատասխանեցնի արևմտյան
չափանիշներին:

Հոդվածը պատրաստվել է AP գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG