Մատչելի հղումներ

Սկսվել են Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև դեմ առ դեմ բանակցությունները


Ստամբուլում երեքշաբթի օրը սկսվեցին բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Սա կողմերի միջեւ առաջին դեմ առ դեմ բանակցություններն են մարտի կեսերից ի վեր:

Սպասվում է, որ կողմերը կքննարկեն հումանիտար հարցեր և կփորձեն բանակցել հրադադարի շուրջ։ Նախորդ մի քանի հանդիպումներն անցկացվել էին տեսակապի միջոցով:

Բանակցությունները ընթանում են Ստամբուլի Դոլմաբահչե պալատում եւ փակ կլինեն մամուլի համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում նախաձեռնությամբ ընթանում են բանակցությունները, նախքան բանակցությունները սկսվելը դիմել է մասնակիցներին։ Նրա խոսքերով, ‘’եկել է մի շրջան, երբ պետք է լինեն բանակցությունների կոնկրետ արդյունքներ, որպեսզի ուժի մեջ մտնի բոլորի շահերից բխող հրադադար’’:

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ հնարավոր առաջընթացը «ուղի կհարթի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման համար, որոնց նա անվանել է «սիրելի ընկերներ»։

Ստամբուլում ներկա է ռուս գործարար Ռոման Աբրամովիչը, ով պաշտոնապես պատվիրակության անդամ չէ, սակայն ներգրավված է միջնորդական աշխատանքներում։ Գործակալությունները տարածում են Էրդողանի հետ նրա լուսանկարը, որն ըստ երևույթին արվել է բանակցությունների մեկնարկից առաջ։

Ռուսաստանը որոշել է «նկատելիորեն կրճատել մարտական գործողությունները» մայրաքաղաք Կիևի և հյուսիսային Չեռնիգով քաղաքի շուրջ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը: Այս հայտարարությունը հետևում է Ուկրաինայի նախագահի այն հայտարարությանը, թե Կիեւը կարող է քննարկել չեզոք կարգավիճակ ունենալու հնարավորությունը:

Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ տարբերություն կա Ռուսաստանի ասածների և իրականացվող գործողությունների միջև:

XS
SM
MD
LG