Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները ԼՂ-ի Փառուխ գյուղից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Անցկացված բանակցությունների արդյունքներո ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները հետ է քաշել Փառուխ բնակավայրից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում։ «Փոխհրաձգության հետևանքով երկու կողմերն ունեն երկուական վիրավոր։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ կոնֆլիկտի կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կայունացրել է իրավիճակը», ասված է հաղորդագրության մեջ:
Սակայն ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, որ ադրբեջանական զինուժը վերադարձել է իր նախկին դիրքրեի տարածք՝ նշելով, որ շարունակում է մնալ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքներում:
«Ցավով նշում ենք, որ ՌԴ ՊՆ-ն մարտի 27-ի իր հայտարարության մեջ նշել է իրականությանը չհամապատասխանող մի շարք կետեր։ Մասնավորապես՝ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքների դիրքերում փոփոխություններ չեն եղել։ Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժը հետ է քաշվել այդ դիրքերից, չի համապատասխանում իրականությանը, մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։