Մատչելի հղումներ

Ինչու ձախողվեց ԼՂ խաղաղ կարգավորման օրակարգը. փորձագետների կարծիք


Ամերիկյան Ջորջթաուն համալսարանը օրերս հյուրընկալել էր ԼՂ երկրորդ պատերազմի և հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացի ապագայի շուրջ քննարկում հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ: Քննարկումը վարող Սան Դիեգոյի համալսարանի դասախոս Ֆիլիպ Գամաղելյանի կարծիքով՝ այսօր խաղաղ կարգավորման գործընթացում առկա են բազմաթիվ խոչընդոտներ՝ կապված ինչպես տարածաշրջանի վրա արտաքին ներգրավածության, այնպես էլ ներքին զարգացումների հետ: Նա մատնանշում է այստեղ Ռուսաստանի ու Թուրքիայի ներգրավվածության զգալի աճն ու ԱՄՆ-ի ու ԵՄ դիրքերի թուլացումը:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ԱՄՆ-ի դիրքերը չափազանց թուլացան Հարավային Կովկասում: Այսօր ԱՄՆ-ի մոտ առկա է նպատակ վերադառնալ տարածաշրջան, սակայն դեռևս անորոշ է Վաշինգտոնի քաղաքականությունն ու ռազմավարությունն այս ուղղությամբ»,- նշում է Գամաղելյանը:

Նրա կարծիքով՝ չնայած բազմաթիվ ներքին և արտաքին խոչընդոտների ու Երևանի ու Բաքվի միջև շարունակվող լարվածությանը, որոշակի դրական միտումներ նկատվում են երկու պետությունների դիսկուրսում ու հռետորաբանությունում, որը որոշակի հույս է ներշնչում խաղաղ կարգավորման համատեքստում:

Ադրբեջանցի ազգագրագետ Սևիլ Հուսեյնովան ևս համակարծիք է, որ ԼՂ երկրորդ պատերազմից հետո որոշակի դրական միտումներ դեպի խաղաղության հաստատում նկատելի են կողմերի հռետորաբանության մեջ:

«Իհարկե խաղաղության կոնցեպտի մեկնաբանություններն ամբողջական չեն, սակայն նկատվում է դրա պահանջարկը, որը գալիս է վերևից ներքև: Լրագրողներն ու խաղաղության ակտիվիստները դա ընկալում են որպես կանաչ լույս՝ խաղաղության շուրջ քննարկումներ ծավալելու համար»,- ասում է Հուսեյնովան:

Իր հերթին պատմաբան-սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը խաղաղ գործընթացի ձախողման հիմքում տեսնում է հակամարտության կողմերի ազգայնական մոտեցումներն ու հատկապես պատմության հարմարեցումը ազգայնական օրակարգին: Անհրաժեշտ են հատուկ կրթական և այլ միասնական ծրագրեր՝ խաղաղության օրակարգի զարգացնելու համար, գտնում է Ռումյանցևը՝ շեշտելով, որ տարիներ ի վեր կողմերը հսկա միջոցներ և ժամանակ են ծախսել ազգայնական օրակարգն առաջ տանելու նպատակով:

Միջոցառման մեկ այլ բանախոս, մարդաբան Էվիա Հովհանիսյանն էլ գտնում է, որ խաղաղության օրակարգի հարցում վերջին 30 տարիներին ձևավորվել էին մեծ սպասումներ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում, որոնք սակայն այդպես էլ չիրականացան: Ըստ նրա՝ խաղաղության օրակարգի ջատագով հասարակական հատվածին այդպես էլ չհաջողվեց ազդել ԼՂ հարցում պետական նարատիվների վրա, քանի որ պետության ներուժը մշտապես եղել է ավելի մեծ: Նա կարևորում է պետական մոտեցման շուրջ լուրջ քննարկումների անցկացումը՝ հանրության մոտ առկա այլընտրանքային կամ քննադատական վերաբերմունքի հնչեցման համար:

Սոցիոլոգ Արփի Մանուսյանն էլ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձախողումը կապում է հանրային մակարդակում այս հիմնախնդրի լուրջ քննարկման բացակայության հետ: Հասարակության մոտ, հատկապես Հայաստանում, չկար ընկալում այս հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորության և հնարավոր պատերազմի մասին:

XS
SM
MD
LG