Մատչելի հղումներ

Դեռևս վաղ է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը ՛՛մահացած է՛՛. Վերլուծաբանի կարծիք


ԼՂ հիմնահարցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետագա ճակատագիրը շարունակում է պարունակել անորոշություն ու բազմաթիվ հարցեր: Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են այս ձևաչափի ապագան

Հոկտեմբերի 14-ին Մինսկում Ռուսաստանի միջնորդությամբ կայացավ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Կողմերը քննարկել են անցած տարվա նոյեմբերին ստորագրած զինադադարը կյանքի կոչելու գործընթացն ու պայմանավորվել շարունակել աշխատանքը դեռևս բաց հարցերի շուրջ: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը ՛՛նպաստել այս գործընթացին ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՛՛:

Վերլուծաբան Լորենս Բրոյերսի կարծիքով՝ այսօր դեռևս վաղ է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը ՛՛մահացած է՛՛: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն ընթանում է երկու զուգահետ գործընթացների ներքո՝ Ռուսաստանի գլխավորած եռակողմ գործընթացն ու Մինսկի խումբը, նշում է նա:

"Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ գործընթացում քննարկվում են ավելի փոքր ծավալի տակտիկական հարցեր, և այստեղ հնարավոր է անգամ գրանցվի առաջընթաց: Սակայն հակամարտության առանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու տեղի բնակչության անվտանգությունը, վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափին՛՛,- ասում է Բրոյերսը:

Նրա կարծիքով, Մոսկվան շահագրգրցված չէ Մինսկի խմբի տապալման մեջ: Դրա հետ մեկտեղ նա դժվարանում է կանխատեսել, թե որքանով եռակողմ այս գործընթացը կգրանցի առաջընթաց և որ պահին հնարավոր կլինի համախմբել միջնորդական այս երկու ջանքերը:

՛՛Ռուսաստանն իրեն համարում է ՛՛առաջինը հավասարների մեջ՛՛ Մինսկի խմբի համանախագահների շարքում: Այն տարբեր փուլերում զգալի ներդրում է ունեցել Մինսկի խմբի գործընթացում, իսկ այժմ միանձնյա պատասխանատու է տեղում իրավիճակի համար: Իրավիճակ, որից գոհ չէ կողմերից ոչ մեկը: Այսպիսով, միգուցե կգա մի պահ, երբ նոր լիցք կհաղորդվի պատասխանատվության բեռը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու վտանգը կիսելու հարցերում՛՛,- ընդգծում է Բրոյերսը:

Վերլուծաբանը գտնում է, որ այս պահին Մինսկի խումբը օգտակար մի հարթակ է ամենաբարդ հարցերի համար, որոնք անհնար է կարգավորել այսօրվա միջավայրում:

Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն ևս կարևորում է այս ձևաչափը ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Նա մատնանշում է, որ Մոսկվան վերջերս նշանակեց նոր համանախագահ, որով, ըստ Քավանոյի, ազդարարեց, որ այս ձևաչափը շարունակում է մնալ արդիական: Ըստ Քավանոյի՝ ԱՄՆ-ը ևս այն դիտարկում է խնդրի կարգավորման համար հիմնական օղակ:

՛՛Միացյալ Նահանգները այս ձևաչափը դիտարկում է որպես առանցքային գործոն առաջընթացի համար: Քանի դեռ այն չի փոխարինվել մեկ այլ ձևաչափով, որը կստանա կողմերի աջակցությունը ու միջազգային հանրության հավանությունը, կարծում եմ, որ այն կմնա հիմնական մեխանիզմ՛՛,- ընդգծում է Քավանոն:

Ըստ նախկին համանախագահի՝ մի շարք կարևոր ու առանցքային խնդիրներ, ներառյալ ԼՂ-ի կարգավիճակի, ռազմագերիների ու ձերբակալվածների, տարածքների վերականգնման և այլ խնդիրներ կարող են քննարկվել Մինսկի խմբի շրջանակում, եթե կողմերը ցուցաբերեն կառուցողական մոտեցում բանակցային գործընթացում:

Նախկին համանախագահը դրական է համարում Ադրբեջանի նախագահ Ալևի վերջերս արտահայտած միտքը, թե ինքը չի առարկի, որ Մինսկի խումբը հանդիպում կազմակերպի իր և ՀՀ վարչապետ Փաշինյանի միջև: Դրա հետ մեկտեղ, նա չի կիսում նախագահ Ալիևի այն մոտեցումը, ըստ որի՝ ԼՂ կարգավիճակի հարց այլևս գոյություն չունի, իսկ անցած տարվա պատերազմը վերջակետ է դրել այդ խնդրին:

՛՛ Անհրաժեշտ է քաղաքական կարգավորում, որն ընդունելի է երկու կողմերի համար՛՛,- ասում է նախկին համանախագահը:

Քավանոն գտնում է, որ երկու կողմերի մոտ առկա է ցանկություն՝ երկխոսություն ծավալելու հարցում, ու որ դրա վառ վկայությունն են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ վերջին շրջանի շփումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG