Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը Մինսկին կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին


Միշել Բաչելետը մեղադրում է Լուկաշենկոյի ռեժիմին մարդու իրավունքների համատարած և համակարգված խախտումների մեջ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել Բելառուսին ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին։ Բաչելետի խոսքով՝ այդ երկրում մոտ 1100 մարդ կալանավորված է «քաղաքական դրդապատճառներով», նշում է Ռոյթերսը։

Հինգշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Բաչելետը հայտարարել է, որ 2020 թվականի ընտրություններից ի վեր Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարությունը կիրառում է մարդու «համատարած և համակարգված» իրավունքների խախտում։

Պաշտոնական Մինսկն իրականացնում է «զանգվածային ռեպրեսիաներ, ներառյալ լայնածավալ ուժի անհամաչափ կիրառում», - ընդգծել է Բաչելետը։

Նա նաև հայտարարեց, որ 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած ընտրություններից և ցույցերից հետո ձերբակալվել է 13,500 մարդ, և նրանցից շատերը բազմիցս ծեծի են ենթարկվել, ինչպես նաև բռնության այլ ձևերի, ներառյալ բռնաբարության:

Բելառուսի պատվիրակությունը մերժել է զեկույցի եզրակացությունները։ Մինսկի խոսնակ Անդրեյ Տարանդան պնդում էր, որ Բաչելետի ելույթը լի էր կեղծ մեղադրանքներով։

«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ (Բելառուսի) կառավարությունը ձգտել է ճնշել բոլոր տեսակի քննադատությունները և ակտիվորեն փորձել խուսափել արդարադատությունից, պատասխանատվությունից և կատարված խախտումների վերաբերյալ ճշմարտությունից», - ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը:

Նա կոչ է արել Բելառուսի կառավարությանը «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական դրդապատճառներով բանտարկյալներին և դադարեցնել մարդու իրավունքների շարունակվող խախտումները»:

XS
SM
MD
LG