Մատչելի հղումներ

Տիխանովսկայան ԱՄՆ-ին հորդորել է մեծացնել ճնշումը Լուկաշենկայի նկատմամբ 


Բելառուսական ընդդիմության առաջնորդը նաև խնդրել է միջազգային համաժողով կազմակերպել Բելառուսի վերաբերյալ

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել ԱՄՆ-ին լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ՝ ճնշում գործադրելու համար: Վերջինս դաժանորեն ճնշել էր ժողովրդավարամետ բողոքի ցույցերը նախորդ տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո:

Ելույթ ունենալով ԱՄՆ մարդու իրավունքների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ ՝ Տիխանովսկայան նաև կոչ արեց Միացյալ Նահանգներին հանդես գալ որպես միջազգային միջնորդ եվրոպական գործընկերների հետ ՝ Բելառուսում ճգնաժամը դադարեցնելու համար:

«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում օգտագործել դիվանագիտությունը Լուկաշենկոյին մեկուսացնելու համար, որպեսզի ընդգծվի, որ նրա քաղաքական վերադարձը ընդունելի չէ », - ասել է Տիխանովսկայան, ով ներկայումս բնակվում է Լիտվայում, ուր ստիպված էր հեռանալ ընտրություններից հետո:

Խոսելով իր երկրում մարդու իրավունքների ոտնահարումների և «անողոք քաղաքական բռնաճնշումների» մասին՝ նա խնդրեց Կոնգրեսին ավելացնել Բելառուսում կամ աքսորում գտնվող քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և իրավապաշտպանների աջակցությունը:

Ընդդիմության առաջնորդը պնդում է, որ անցած տարվա օգոստոսին կայացած նախագահական ընտրություններում նա գրանցել է հաղթանակ: Նա փորձեց միավորել ընդդիմության ուժերը բողոքի ցույցերի դաժան ճնշման պայմաններում:

ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Լուկաշենկայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ՝ նրանց պատասխանատվության ենթարկելով ընտրակեղծիքների և մարդու իրավունքների խախտումների համար:

Ապրիլին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ չի երկարաձգի հատուկ թույլտվությունը, որը թույլ էր տալիս գործել բելառուսական ինը պետական ընկերություններին:

Տիխանովսկայան պատժամիջոցներն անվանել է «ամենաարդյունավետ միջոցներից մեկը», սակայն Վաշինգտոնին հորդորել է քայլեր ձեռնարկել այլ ընկերությունների և պաշտոնատար անձանց դեմ:

Նա նաև խնդրեց Միացյալ Նահանգներին միջազգային օրակարգում առաջնահերթ համարել Բելառուսը և օգնել միջազգային համաժողովի կազմակերպման հարցում:

«Սա ռեժիմի ռազմավարությունն է. խաղալ ժամանակ ձգձգելու համար, որպեսզի բոլորը մոռանան բելառուսների մասին», - ասաց նա:

Տիխանովսկայան նաև հորդորեց Կոնգրեսին դիտարկել Բելառուսի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին և մասնավոր հատվածին լրացուցիչ աջակցություն տրամադրելու հարցը, ինչը Եվրամիությունն արդեն անում է:

Նա նաև նշեց, որ միջազգային տերությունները լուրջ բանակցություններ չեն վարել այն մասին, թե ինչպես կարելի է դադարեցնել իր երկրում քաղաքական ճգնաժամը:

«Մենք խրախուսում ենք Միացյալ Նահանգներին ակտիվորեն մասնակցել նման միջազգային բազմաշահառու համաժողովի կազմակերպմանը», - ասաց նա:

Ելույթ ունենալով լսումներին ՝ որպես փորձագետ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Կրեմերը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ոչ միայն Լուկաշենկոյի ռեժիմը ֆինանսավորող բելառուս ձեռնարկատերերի, այլև իրեն մոտ գտնվող ռուս օլիգարխների, Ռուսաստանի պետական լրատվամիջոցների, մասնավորապես RT- ի աշխատակիցների նկատմամբ, և Ռուսաստանի խոշոր բանկերի ու ընկերությունների հանդեպ:

Նա մասնավորապես նշել է Միխայիլ Գուցերիևի, Գերման Գրեֆի, ինչպես նաև VTB, VEB, Gazprombank, Gazprom, Rosneft և այլ ընկերությունների անունները: Ըստ նրա, անհրաժեշտ է հստակ ազդանշան տալ Ռուսաստանին Բելառուսի «գրավման» անթույլատրելիության մասին` ուղիղ իմաստով կամ տնտեսական միջոցներով:

Վարշավայի Արևելագիտության կենտրոնի տնօրեն Ադամ Էբերհարդն իր հերթին նշեց, որ վերջին շրջանում Ռուսաստանի ազդեցությունը Բելառուսում տիրող իրավիճակի վրա էլ ավելի է մեծացել` կապված Լուկաշենկոյի գործողությունների հետ, որի արձագանքը երկրի միջազգային մեկուսացումն էր:

Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովը, որը բաղկացած է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից, խթանում և պաշտպանում է մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները չորեքշաբթի օրը հրապարակեցին համատեղ կոմյունիկե, որում նաև անդրադարձ եղավ Բելառուսում տիրող իրավիճակին:

Նրանք 2020 թ. օգոստոսի ընտրությունները որակեցին կեղծված, կոչ արեցին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և «անցկացնել նոր, ազատ և արդար ընտրություններ միջազգային ներկայացուցիչների հսկողության ներքո»:

Facebook Forum

XS
SM
MD
LG