Մատչելի հղումներ

Բլինքեն. Պուտինը մերժել է Ուկրաինայում լարվածության նվազեցման ամերիկյան բոլոր առաջարկները


Պետքարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայում խամաճիկ ռեժիմ հաստատելու Կրեմլի փորձերը ձախողվելու են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Ուկրաինայում հակամարտության լարվածությունը նվազեցնելու ԱՄՆ-ի բոլոր առաջարկները և ընդհակառակը, ակտիվացրել իր ռազմական արշավը, չորեքշաբթի ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք ձգտել ենք նախագահ Պուտինին տրամադրել դեէսկալացիայի տարբերակներ: Նա միակն է, ով կարող է որոշել՝ օգտագործել դրանք, թե ոչ։ Մինչ այժմ, ամեն անգամ, երբ հնարավորություն կար դա անելու, նա առաջ էր քաշում գազի գործոնը՝ շարունակելով իր որդեգրած սարսափելի ուղին»,- ասել է Բլինքենը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսի հետ համատեղ ասուլիսում։

«Այժմ նա Ուկրաինայի հանդեպ դաժան վերաբերմունքի հստակ ծրագիր ունի, բայց ի՞նչ նպատակով է նա դա անում»,- հարցրեց պետքարտուղարը՝ հավելելով, որ ուկրաինացիները ցույց են տվել, որ չեն ընդունի որևէ «խամաճիկային ռեժիմ», որը Պուտինը կարող է փորձել հաստատել Ուկրաինայի օրինական կառավարության փոխարեն։

«Եթե նա փորձի նման խամաճիկ ռեժիմ պարտադրել՝ թողնելով ռուսական զորքերը Ուկրաինայում, ապա դա կլինի երկար, արյունալի և ձգձգվող սպանդ», - ասել է Բլինքենը:

Անցյալ ամիս ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները եզրակացրեցին, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա նպատակ ուներ «գլխատել» Ուկրաինայի կառավարությանը:

Ավելի քան 2 միլիոն մարդ հեռացել է Ուկրաինայից այն բանից հետո, երբ Պուտինը փետրվարի 24-ին ցամաքային, ծովային և օդային ներխուժում իրականացրեց այդ երկիր։

Պատերազմն արագորեն Ռուսաստանին բերեց տնտեսական մեկուսացման և արժանացավ գրեթե համընդհանուր միջազգային դատապարտմանը: ԱՄՆ-ն երեքշաբթի արգելել է ռուսական էներգակիրների ներկրումը, իսկ արևմտյան ընկերություններն արագորեն դուրս են գալիս ռուսական շուկայից։

Ռուսական ուժերը տարածքներ են զավթել Ուկրաինայի հյուսիսարևելյան սահմանի երկայնքով։ Կիևի արվարձաններում մարտեր են ընթանում, իսկ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովը կրակի տակ է։

Բլինքենը քննադատել է Մոսկվային ուժեղ ռմբակոծման տակ գտնվող քաղաքներում արգելափակված խաղաղ բնակչությանը՝ ապահով հեռանալու միջանցք չտրամադրելու համար:

«Կրեմլի առաջարկները՝ ստեղծել հումանիտար միջանցքներ, որոնք տանում են դեպի Ռուսաստան և Բելառուս, անհեթեթ են»,- ընդգծել է նա։

Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանը ուկրաինացիներին առաջարկել է հումանիտար միջանցքներ դեպի Ռուսաստան և Բելառուս, ինչը Ուկրաինայի նախագահի խոսնակի որակմամբ «ամբողջությամբ անբարոյական» առաջարկ է։

XS
SM
MD
LG