Մատչելի հղումներ

Բլինքենը Բալթյան երկրներին հավաստիացրել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցության մասին


Պետքարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մարտահրավեր է այն սկզբունքներին, որոնք ապահովում են խաղաղություն ժողովուրդների միջև

ԱՄՆ-ը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Մերձբալթյան երկրներում ամերիկյան զորքեր մշտապես տեղակայելու մասին, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռիգայում Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսում։

Բլինքենը նաև ընդգծել է, որ երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի կամ նրա տարածքի դեմ ցանկացած ագրեսիայի, լինի դա Ռուսաստանի կամ որևէ այլ մեկի կողմից, Միացյալ Նահանգները «լիովին հավատարիմ է այս տարածքի պաշտպանությանը, դրա յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի»:

Բլինքենը այցով գտնվում է Բալթյան երկրներում: Իր այցի ընթացքում նա հավաստիացրել է ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին տարածաշրջանի Վաշինգտոնի դաշնակիցներին, ովքեր մտավախություն ունեն, որ Վլադիմիր Պուտինը կարող է կանգ չառնել Ուկրաինա ներխուժելու վրա և առաջ շարժվենք:

Ավելի վաղ երկուշաբթի օրը Վիլնյուսում հանդիպման ժամանակ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան զգուշացրել էր, որ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում, և որ աշխարհը պարտավոր է օգնել ուկրաինացիներին «բոլոր միջոցներով»։

«Զսպումն այլևս բավարար չէ, և մեզ այստեղ անհրաժեշտ է առաջադեմ պաշտպանություն, քանի որ հակառակ դեպքում… շատ ուշ կլինի… Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում, եթե նրան չկանգնեցնեն», - ասել է Նաուսեդան: Բլինքենը Լիտվայի նախագահին վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն մշտապես վերանայում է իր պաշտպանական ռազմավարությունը՝ մասնավորապես դիտարկելով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի մշտական տեղակայման հարցը, ինչպես պահանջում են Բալթյան երկրները։

«Ոչ ոք չպետք է կասկածի մեր պատրաստակամության և վճռականության մեջ», - ընդգծել է պետքարտուղարության ղեկավարը։

Նա նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև պաշտպանական փոխադարձ երաշխիքների վերաբերյալ առկա է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, որին ամբողջապես հանձնառու է Վաշինգտոնը:

Բլինքենի խոսքով՝ մոտ 400 ամերիկացի զինվորականներ մոտ օրերս կժամանեն Լիտվա։

Նա նաև հիշեցրել է, որ Մոսկվան կիբերհարձակումների և ապատեղեկատվական արշավների միջոցով փորձում էր խաթարել լիտվական ժողովրդավարությունը՝ տարաձայնություններ սերմանելով երկրի բնակչության միջև։

Ըստ Բլինքենի, դա տեղի է ունեցել «քանի որ ազատ, բաց, կենսունակ և բարգավաճ հասարակությունը, որը լիտվացի ժողովուրդը կառուցեց խորհրդային օկուպացիայի ավարտից հետո, ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր դառնում, երբ մարդիկ ընտրում են ժողովրդավարության ուղին ինքնավարության փոխարեն»:

Երկուշաբթի օրը Լիտվան իր աջակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկիի կոչերին՝ էմբարգո կիրառել ռուսական էներգառեսուրսների վրա։ Բլինքենը կիրակի ասել է, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները ուսումնասիրում են ռուսական նավթի ներկրման վրա արգելք սահմանելու հնարավորությունը:

Ավելի վաղ Վիլնյուսում Բլինքենի հետ համատեղ մամլո ասուլիսին Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ «էներգակիրները, որոնք մենք ներմուծում ենք, վճարում են ռուսական ռազմական գործողության համար։ Մենք չենք կարող նավթի ու գազի համար վճարել Ուկրաինայի արյունով»:

Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ զրույցում Բլինքենն ընդգծել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մարտահրավեր է այն հիմնական սկզբունքներին, որոնք նախատեսված են պետությունների միջև խաղաղության ապահովման համար։

«Կարևոր է, որ մարդիկ հասկանան, թե իրականում ինչն է վտանգված, և դա դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից, նույնիսկ Բալթյան երկրների սահմաններից և նույնիսկ Եվրոպայի սահմաններից դուրս», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

XS
SM
MD
LG