Մատչելի հղումներ

Ռուսաստանի գլոբալ մեկուսացումը ուժեղանում է 


Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռավար հանդիպում կանցկացնի դաշնակիցների և գործընկերների հետ՝ համատեղ գործողությունները համակարգելու համար։

Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը շարունակվում է խորանալ երկուշաբթի օրը՝ կապված Ռուսասատնի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական պետության վրա ամենամեծ հարձակման:

Սպիտակ տունը հայտնել է, որ երկուշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռակոնֆերանս կանցկացնի դաշնակիցների և գործընկերների հետ՝ համատեղ գործողությունները համակարգելու համար։

Միացյալ Նահանգներն ասում է, որ Պուտինը սրում է իրավիճակը միջուկային զսպման մասին «վտանգավոր հռետորաբանությամբ»: Բացի այդ, ռուսական ուժերը պատրաստվում են պաշարել խոշոր քաղաքները մոտավորապես 44 միլիոնանոց ժողովրդավարական երկրում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ռուսական հրթիռային հարձակումների պատճառով մոտ 400 հազար ուկրաինացի խաղաղ բնակիչներ, հիմնականում կանայք և երեխաներ, հեռացել են հարևան երկրներ։

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանը մինչ օրս ավելի քան 350 հրթիռ է արձակել ուկրաինական թիրախների ուղղությամբ, որոնցից մի քանիսը խոցել են քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Կարծես թե նրանք որոշել են անցնել պաշարման: Եվ ցանկացած ոք, ով ուսումնասիրում է ռազմական մարտավարությունն ու ռազմավարությունը կփաստի՝ երբ դուք օգտագործում եք պաշարման մարտավարություն, դա մեծացնում է կողմնակի վնասների հավանականությունը», - ասել է ԱՄՆ մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր անունը:

Նա վկայակոչեց Ռուսաստանի հարձակումը Կիևից հյուսիս գտնվող Չերնիգով քաղաքի դեմ, որտեղ ուկրաինական իշխանությունները ասում են, որ բնակելի շենքը հրդեհվել է երկուշաբթի վաղ առավոտյան հրթիռի հարվածից հետո:

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարությունից հայտնել են, որ հրթիռային կրակոցներ են գրանցվել նաև Ուկրաինայի մեկ այլ քաղաքում՝ Ժիտոմիրում։

Արևմուտքի կողմից կիրառվող քաղաքական, տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներն աննախադեպ են իրենց ծավալով, համակարգմամբ և բնույթով: Արևմուտքը խոստանում է շարունակական աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին։

Ռուբլու փոխարժեքը նվազել է գրեթե 30%-ով՝ հասնելով դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույնի այն բանից հետո, երբ շաբաթ օրը արևմտյան երկրները սահմանեցին կոշտ պատժամիջոցներ, այդ թվում՝ արգելափակելով ռուսական առաջատար բանկերի մուտքը SWIFT միջազգային վճարային համակարգ:

Եվրոպական կենտրոնական բանկը հայտնել է, որ Ռուսաստանի Սբերբանկի եվրոպական մի քանի դուստր ձեռնարկությունները, որոնց մեծամասնությունը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը, հսկայական վնասներ են կրել՝ հեղինակազրկվելով ուկրաինական պատերազմի արդյունքում:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը պայքարում է պատժամիջոցների աճող ազդեցության դեմ՝ ասելով, որ կվերսկսի ոսկու գնումները ներքին շուկայում և կթեթևացնի բանկերի արտաքին արժույթների ազդեցության սահմանափակումները:

Ճապոնիան հայտարարել է, որ իրեն խնդրել են միանալ SWIFT-ին Ռուսաստանի մուտքն արգելափակող միջոցառումներին, ինչպես նաև քննարկում է Բելառուսում որոշ գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, որը դարձել է ռուսական ներխուժման հիմնական հարթակը:

Կիրակի օրը Բելառուսում հանրաքվեով հաստատվել են Սահմանադրական փոփոխություններ, որոնք կվերացնեն երկրի ոչ միջուկային կարգավիճակը։

Եվրամիությունը կիրակի օրը իր պատմության մեջ առաջին անգամ որոշել է զենք մատակարարել պատերազմող երկրին՝ խոստանալով Ուկրաինային ռազմական զենք և զինամթերք, այդ թվում՝ կործանիչներ։

Գերմանիան, որն արդեն սառեցրել է Ռուսաստանից կառուցված ստորջրյա գազատարի հավատարմագրումը, ասել է, որ պատրաստվում է զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը՝ վերանայելով ռազմական ոլորտին տրամադրվող իր մոտեցումը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեենը Euronews-ին տված հարցազրույցում աջակցություն է հայտնել Ուկրաինայի անդամակցությանը դաշինքին՝ շեշտելով, որ «նրանք մեզանից մեկն են»։

ԵՄ-ն, ինչպես Կանադան, փակել է երկինքը բոլոր ռուսական ինքնաթիռների համար՝ ստիպելով ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությանը մինչև հետագա ծանուցումը չեղարկել բոլոր թռիչքները դեպի Եվրոպա: ԱՄՆ-ը և Ֆրանսիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ Ռուսաստանից:

Եվրամիությունը նաև արգելել է պետական ֆինանսավորմամբ ռուսական RT և Sputnik լրատվամիջոցներին հեռարձակվել իր տարածքում։

Երկուշաբթի օրը Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը միանում է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, հայտնում է Reuters-ը։


XS
SM
MD
LG