Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ է հրավիրում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցով


Կիրակի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ է գումարել՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցով, գրում է Ռոյթերս գործակալությունը։ 15 երկիր ընդգրկող Անվտանգության խորհրդում քվեարկությունը ընթացակարգային բնույթ ուներ, և Ռուսաստանը չէր կարող օգտվել վետոյի իրավունքից։ 11 կողմ ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունվեց Գլխավոր ասամբլեայի նիստ գումարելու մասին։

Ռուսաստանը դեմ է քվեարկել որոշմանը, իսկ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները ձեռնպահ են մնացել։

«Խորհրդի անդամները ցույց են տվել Ռուսաստանի դիվանագիտական անզորությունը։ Ռուսաստանը կրկին հայտնվել է մեկուսացման մեջ»,- ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը։

«Ռուսաստանը չի կարող խանգարել ամբողջ աշխարհին համախմբվել՝ իր ներխուժումն Ուկրաինա դատապարտելու համար»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ռուսաստանը վետո է դրել Անվտանգության խորհրդի որոշման նախագծի վրա, որը դատապարտում է Մոսկվայի գործողությունները։ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները ձեռնպահ են մնացել, իսկ մնացած 11 անդամները կողմ են քվեարկել։

Սպասվում է, որ Գլխավոր ասամբլեան նմանատիպ բանաձևի շուրջ կքվեարկի արդեն չորեքշաբթի օրը, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«Ռուսաստանը չի կարող վետո դնել մեր ձայների վրա։ Ռուսաստանը չի կարող վետո դնել ուկրաինացի ժողովրդի վրա: Ռուսաստանը չի կարող վետո դնել ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը:

Թեև Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն, դրանք ունեն քաղաքական ենթատեքստ: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ՄԱԿ-ում գործողությունները դիտարկում են որպես հնարավորություն ցույց տալու, որ Ռուսաստանը մեկուսացվել է Ուկրաինա ներխուժելուց հետո:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան դեմ է արտահայտվել Անվտանգության խորհրդում քվեարկությանը՝ պնդելով, որ դա Ռուսաստանի դիրքորոշումը շրջանցելու փորձ է։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես կհանդիպի երկուշաբթի օրը՝ քննարկելու Ուկրաինայում հումանիտար իրավիճակը։

XS
SM
MD
LG