Մատչելի հղումներ

Ընթանում են ռուս-ուկրաինական բանակցություններ


Երկուշաբթի օրը փետրվարի 28-ին Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև սկսվեցին բանակցություններ, որոնք կազմակերպվել են առանց նախապայմանների: Հանդիպումը տեղի է ունենում Բելառուսի ու Ուկրաինայի սահմանին ընկած տարածքում՝ Պրիպյատ գետի շրջանում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպման ստույգ վայրը հայտնի չէ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 13:00-ին բանակցությունների մեկնարկի մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության անդամներից մեկին։

Բանակցություններն ուղղված են անհապաղ հրադադարի և ռուսական զորքերի դուրսբերման շուրջ համաձայնության ձեռքբերմանը, այս խոսքերը մեջբերում է Reuters-ը Ուկրաինայի նախագահի հայտարարությունից։ Պատվիրակության կազմում, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, ընդգրկված են, մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը և Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Ռուսական պատվիրակությունը, ըստ ՏԱՍՍ գործակալության, գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են պաշտպանության և արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Միևնույն ժամանակ, ինչպես երկուշաբթի հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, ռուսական զավթիչ ուժերը գրավել են Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող երկու քաղաքներ (Բերդյանսկ և Էներհոդար) և Զապորոժյե ատոմակայանի շրջակայքը: Այնուամենայնիվ, ռուսական ուժերը մնացած ուղղություններով բախվել են ուկրաինական ուժերի կոշտ դիմադրության, իսկ Մոսկվայի դիվանագիտական և տնտեսական մեկուսացումը խորանում է:

Ավելի ուշ ուկրաինացի պաշտոնյաները հայտարարեցին, որ Էներգոդարի գրավումը ռուս զավթիչների կողմից իրականությանը չի համապատասխանում։

XS
SM
MD
LG