Մատչելի հղումներ

Պետքարտուղարությունը և Պենտագոնը հայտարարել են Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրման մասին


ԱՄՆ նախագահը թույլատրել է մինչև 350 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի պաշտպանությանն անհապաղ աջակցության համար

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախագահ Ջո Բայդենի անունից լիազորել է 350 միլիոն դոլարի երրորդ տրանշը տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար: Այս մասին ասվում է պետքարտուղարության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։

Այսպիսով, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված անվտանգության ոլորտի ընդհանուր օգնությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։

Այս փաթեթը կներառի մահաբեր պաշտպանական զենքերի ձեռքբերում, որը կօգնի Կիևին կազմակերպելու դիմադրությունը ռուսական ագրեսիայի:

«Սա ևս մեկ հստակ ազդանշան է, որ Միացյալ Նահանգները կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին, այն ժամանակ, երբ նրանք պաշտպանում են իրենց ինքնիշխան, խիզախ և հպարտ երկիրը», - ասել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես թվիթերում կոչ է արել ռուսական կողմին ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն:

«Դուք արժանի չեք անիմաստ պատերազմի Ուկրաինայում ձեր հարևանների, ընկերների և սիրելիների հետ», - ասել է պետքարտուղարը՝ դիմելով Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ինչպես Դուք, այնպես էլ Ուկրաինայի ժողովուրդն արժանի է խաղաղ կյանքին»:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ Բայդենը նախօրեին ստորագրել է Ուկրաինային 350 միլիոն դոլարի պաշտպանական օգնություն տրամադրելու հրամանագիրը։ Հակատանկային զենքեր, փոքր տրամաչափի զինատեսակներ, ռազմամթերք, զրահաբաճկոններ և այլ սարքավորումներ կհատկացվեն ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպաններին, որոնք դիմակայում են ռուսական ներխուժմանը։

ԱՄՆ նախագահը վերջին ամիսների ընթացքում երրորդ անգամ է արագացնում Ուկրաինայի պաշտպանության համար անվտանգային շտապ օգնության տրամադրումը` օգտագործելով իր լիազորությունները:

XS
SM
MD
LG