Մատչելի հղումներ

Կիևում լսվում են հրետանային զարկերի պայթյուններ 


Կիևում լսվում են պայթյուններ հրետանային զարկերից քաղաքի կենտրոնի մոտ գտնվող անհայտ վայրից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրադարձությունների ականատեսներին։

Գործակալությունը պարզաբանում է, որ հրետանային կրակը սկսվել է շաբաթ վաղ առավոտյան տեղական ժամանակով (ուրբաթ երեկոյան՝ Վաշինգտոնի ժամանակով)։

Կիևում պայթյունների մասին հայտնել են նաև քաղաքում գտնվող CNN հեռուստաալիքի լրագրողները։

Reuters-ի փոխանցմամբ՝ Կիևի մատույցներում բախումներ են տեղի ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի զորքերի միջև։

Կիևի քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է մնալ կացարաններում, դուրս չգալ և չմոտենալ պատուհաններին՝ քաղաքում և արվարձաններում շարունակվող բախումների պատճառով։

Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ ռուսական զորքերը հարձակվել են Կիևի ռազմակայանի վրա, սակայն հարձակումը հետ է մղվել։

Արդեն երկրորդ օրն է քաղաքում լսվում է տագնապի ազդանշանը: Բնակիչները ապաստանել են մետրոյի ստորգետնյա տարածքներում։

Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է կոչ, որը ձայնագրվել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, և ասել, որ պաշտպանելու է Ուկրաինայի անկախությունը։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով՝ ռուսական բանակի՝ Ուկրաինայի տարածք բաց լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը կորցրել է մոտ 2800 զինվորական, գրեթե 80 տանկ և ավելի քան 500 զրահամեքենա։ Ռուսաստանը զոհերի մասին տվյալներ չի հրապարակում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ ուկրաինացի երեխաների մահը։

ԱՄՆ վարչակազմի կարծիքով՝ Ռուսաստանի նպատակն է տապալել նախագահ Զելենսկու իշխանությունը։

XS
SM
MD
LG