Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է, որ ցանկանում է կառավարումը հանձնել «երիտասարդ առաջնորդներին»։ Հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ, որին կմասնակցի գործող նախագայի որդին
Երկուշաբթի օրը Թուրքմենստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ մարտի 12-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Ներկայիս նախագահական մրցավազքի ակնհայտ ֆավորիտներից է Թուրքմենստանի ներկա ղեկավարի որդին՝ 40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը։ Նա այժմ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը և Անվտանգության խորհրդի անդամ է։
Թուրքմենստանում, որը բնական գազի պաշարներով աշխարհում չորրորդն է, տնտեսական և քաղաքական ճգնաժամերի հիմքում է ընկած կառավարման ավտորիտար համակարգը, ասում է Գլազգոյի համալսարանի եվրասիական հետազոտությունների գծով պրոֆեսոր Լուկա Անչեսկին։
«Իմ գնահատականը Թուրքմենստանում վերջին մի քանի տարիների քաղաքական և հասարակակակն զարգացման վերաբերյալ բավականին բացասական է։ Երկիրը կառավարվում է մի ռեժիմով, որը շարունակում է նախորդ տիրակալի ավտորիտարիզմի ավանդույթները», - նշում է պրոֆեսորը։
Ըստ նրա՝ երկուշաբթի լրանում է Բերդիմուհամեդովի նախագահ դառնալու 15-րդ տարին, ուստի խոսքն այլևս ոչ թե միջնաժամկետ, այլ երկարաժամկետ ավտորիտարիզմի ամրապնդման մասին է: Սակայն, ի տարբերություն նախորդ ռեժիմի, Բերդիմուհամեդովը տնտեսական հաջողությունների չի հասել։ Պրոֆեսոր Անչեշին չի պնդում, որր Նիյազովը ունեցել է գործող տնտեսական համակարգ, սակայն ըստ նրա Նիյազովին առնվազն հաջողվեց պահպանել սուբսիդավորման համակարգը, որը թույլ էր տալիս բնակչության համար սուբսիդավորել որոշ ապրանքատեսակներ, այդ թվում՝ սննդամթերքը, ինչպես նաև տրամադրել անվճար կամ գրեթե անվճար կրթություն, լույս ու գազ։
Իր հերթին, ներկայումս Կանադայում բնակվող թուրքմենական ընդդիմության ակտիվիստներից Մուհամմետ Արսլան Դևեչին «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ հաջորդ նախագահի ընտրությունը տեղի կունենա COVID-19 համաճարակի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի և ջրի սուր պակասի պայմաններում։
«Իհարկե, համաճարակն իր դերն է կատարել, քանի որ առկա են այս բոլոր սահմանափակումները, իշխանության անգործությունը և բնակչության շրջանում մահացության բարձր ցուցանիշը։ Մյուս կողմից, երկիրը կանգնած էր աղքատության ու հացի դեֆիցիիտի շեմին։ Պատկերացրեք՝ Թուրքմենստանում հաց չկա, որի համար մեծ հերթեր են։ Չկա մսամթերք և , ջուր: Խնդիրն այժմ այն է, որ ոչխարները սովից սատկում են՝ չոր եղանակի պատճառով»,- նշում է Մուհամմետ Արսլան Դևեչին։
Նա շեշտում է՝ Թուրքմենստանում ապրելն անհնար է. պետությունը չի կարողանում կառավարել. իշխանությունն էլ կորցրել է իր հեղինակությունը երկրի ներսում: Նրանց ոչ ոք չի վստահում նաև միջազգային ասպարեզում»,- ասում է նա։
Ընդդիմադիրի խոսքով՝ Թուրքմենստանի քաղաքացիները չպետք է թույլ տան, որ երկրի նախագահն ու նրա ընտանիքը շարունակեն ղեկավարել պետությունը։
«Այժմ կա [դա անելու] հնարավորություն: Եթե մենք համախմբվենք, եթե ակտիվորեն պահանջենք ազատ ընտրություններ և առաջ տանենք մեր թեկնածուին, ապա հնարավորություն կա փոխելու Թուրքմենստանի քաղաքական կառուցվածքը»,- ընդգծել է Մուհամմեթ Արսլան Դևեչին։
Նյութը պատրաստվել է Սանջար Համիդովի հոդվածի հիման վրա