Մատչելի հղումներ

Կանադան Ուկրաինային մահաբեր սարքավորումներ կմատակարարի


Բացի այդ, Օտտավան Կիեւին կտրամադրի 500 մլն կանադական դոլարի վարկ։

Կանադան Ուկրաինային կուղարկի 7,8 միլիոն դոլար արժողությամբ մահաբեր սարքավորումներ և զինամթերք, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Դրա մասին տեղեկացնում են Reuters ու Associated Press գործակալությունները:

Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի գործողությունների պատճառով տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին:

Բացի այդ, Կանադան 500 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային՝ ի լրումն կառավարության կողմից ավելի վաղ խոստացված 120 միլիոն դոլարի։

«Կանադայի և այլ գործընկերների կողմից այս աջակցության նպատակը Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելն է», - ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսում:

«Մենք առճակատում չենք փնտրում Ռուսաստանի հետ, բայց իրավիճակը զարգանում է արագ տեմպերով, և մենք ցուցադրում ենք մեր վճռականությունը»,- հավելել է նա։

Որոշումը նշում է Կանադայի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը, որն այս ամսվա սկզբին հրաժարվեց Ուկրաինային մահաբեր օգնություն տրամադրել:

«Կարևոր է, որ կանադացիները և աշխարհը իմանան, որ Կանադան շարունակում է աջակցել Ուկրաինային, նրա անկախությանը, ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ներառյալ իրեն պաշտպանելու իրավունքը», - ասել է Թրյուդոն:

XS
SM
MD
LG