Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ը հանձնառու է ակտիվացնել Մինսկի խմբում իր ներգրավվածությունը հակամարտությանը լուծում գտնելու ջանքերում»․ ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսի


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին պատասխանում է «Ամերիկայի ձայնի» հարցերին.

-Տիկին դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլը և ի՞նչ զարգացման օրակարգ կա ապագայի համար.

- 30 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը և այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների կայացմանը Հայաստանում: Այս նպատակի ուղղությամբ մենք շարունակում ենք սերտորեն գործակցել մեր հայ գործընկերների հետ։

Ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը հայ-ամերիկյան հարաբերությունների անկյունաքարերն են, սակայն մեր դրական օրակարգը շատ ավելի լայն է։ Կայուն և ներառական տնտեսական աճի, առևտրի և ներդրումների ընդլայնման, տարածաշրջանային և գլոբալ խաղաղության երաշխավորման, էներգետիկ անվտանգության խթանման, բնական պաշարների պատասխանատու օգտագործման, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի, կրթության ու փորձի փոխանակման հնարավորությունների ապահովմամբ մարդկային կապիտալում ներդրումների կատարման ուղղությամբ մեր ջանքերը արտացոլում են հայ-ամերիկյան լայն ու ընդգրկուն գործակցությունը, որը շարունակում է ամրապնդվել։

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ մեր գործակցությունը, որը խարսխված է ընդհանուր ժողովրդավարական արժեքներով, և մենք շարունակում ենք դրական հեռանկարներ տեսնել հայ-ամերիկյան հարաբերություններում։

- Ի՞նչ բնույթի և ծավալի աջակցություն է տրամադրել ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանին անցած 30 տարիների ընացքում»:

- Հայաստանում մարդկանց կյանքը բարելավելու, ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման ամրապնդման ջանքերին աջակցելու նպատակով 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն։ ԱՄՆ-ի կառավարությունը շարունակում է աջակցել ժողովրդավարական և տնտեսական զարգացման հարցերի լայն շրջանակի շուրջ, մասնավորապես՝ անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, մարդու իրավունքներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, քաղաքացիական հասարակություն, անկախ լրատվամիջոցներ և թափանցիկ և հաշվետու կառավարման հաստատությունների, այդ թվում՝ դատական համակարգի ամրապնդում։

- Ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարության կայացման աստիճանը Հայաստանում և ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի դերը դրանում։

- Վերջին խորհրդարանական ընտրությունները հստակ մատնացույց արեցին, որ Հայաստանի ժողովուրդը հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին։ Ի հեճուկս աննախադեպ մարտահրավերների՝ ընտրությունները հիմնարար իրավունքների ու ազատությունների ընդհանուր ապահովմամբ ոչ միայն միջազգային դիտորդների գովեստին արժանացան, այլ նաև հպարտանալու առիթ դարձան Հայաստանի շատ քաղաքացիների համար, որոնք համոզվեցին, որ երկրի ժողովրդավարական հաստատությունները շարունակում են մնալ ամուր ու կանգուն՝ չնայած դժվարություններին։ Մենք գովեստով ենք նկատում բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը և խրախուսում այդ ուղղությամբ հետագա քայլերը՝ Հայաստանի ժողովրդի 2018թ․ արտահայտած ձգտումներին ու ցանկություններին համահունչ։ Միացյալ նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի հետ՝ աջակցելու ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների կայացմանը։

- Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու հնարավորությունը՝ Ղարաբաղյան հարցի հետագա կարգավորման համար։

- Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները հանձնառու է ակտիվացնել իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական լուծում գտնելու ջանքերում։ Միացյալ Նահանգները վճռականորեն պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը և հանձնառու է օգնել կողմերին հակամարտության վերջնական լուծման հասնելու հարցում, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։

Դեսպան Թրեյսին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը ստանձնել է 2019թվականին։ Մինչ այդ նա աշխատել է Ռուսաստանում, Թուրքմենստանում, Պակիստանում և Ղազախստանում։

XS
SM
MD
LG