Մատչելի հղումներ

Աֆղանստանի Մազար է Շարիֆ քաղաքում խուճապային իրավիճակ է, երբ Թալիբանը կանգնած է մատույցներում


Աֆղանստանի Քունդուզ քաղաքում կիրակի օրը նկարահանված պատկերները խուճապ են առաջ բերել Մազար է Շարիֆ քաղաքում: Իսկ Թալիբանը հայտարարել էր, որ այս քաղաքի դեմ երկուշաբթի օրը հարձակում էր սկսելու չորս ուղղություններով: Երկուշաբթի օրը դա տեղի չունեցավ, ու քսան կիլոմետր հեռավորության վրա գրանցվեց միայն փոքր մի բախում:

Սակայն մարդիկ գիտեն, որ հարձակումն անխուսափելի է, երբ թալիբներն առաջ են շարժվում մեծ արագությամբ: Ինչպես Մազարում են ասում, մարդիկ այստեղից դիմում են փախուստի, եւ որ խանութների կեսն արդեն փակ է: Փակ է նաեւ սովորաբար ամենամարդաշատ համարվող շուկան: Դատարկ են քաղաքի կենտրոնական փողոցները: Մարդիկ շտապում են բանկերից հանել իրենց գումարները:

Երկուշաբթի օրը Թալիբանին է անցել նահանգային արդեն վեցերորդ կենտրոնը` Այբաքը:

Գրավված վեց կենտրոնական քաղաքներից հինգը գտնվում են երկրի հյուսիսարեւելքում, երբ զինյալ Թալիբանն իր վերահսկողությունն է ամրապնդում երկրի հյուսիսային գրեթե ամբողջ տարածքում:

Այս պահին Մազարն է անկման փուլում, ասում են մարդիկ, ովքեր սարսափած սպասում են, որ թալիբները շուտով կմտնեն քաղաք: ‘’Նրանք, ովքեր փող ունեին, փախել են, մնացել են աղքատները’’, ասում են այստեղ:

Քաղաքում մնացել են անվտանգության շատ փոքր թվով ծառայողներ: Մարդաշատ են միայն ճամփորդական գործակալությունները: Երկու անգամ ավալացել են օդային թռիչքները, ապահովելու համար մարդկանց ելքը քաղաքից: Դեպի Քաբուլ օրական երկու-երեք թռիչքների փոխարեն դեպի մայրաքաղաք է այսօր թռչում յոթ օդանավ: Նախկինում մի տոմսը եթե արժեր 85 դոլար, ապա այսօր այն 112 է:

Միակ հուսադրիչ լուրն այն է, որ ըստ Աֆղանստանի զինված ուժերի կողմից տարածված տեսագրության, իրենց հաջողվել է Մազարի արվարձաններից մեկում հետ մղել Թալիբանի գրոհը:

Հյուսիսային հատվածում գտնվող Մազարը ներկա պահին պաշտպանված է: Սակայն խուճապն աճում է օրեցօր:

XS
SM
MD
LG