Մատչելի հղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդլայնել է իր Համաշխարհային ժառանգության ցուցակը 


Ուելսի սալաքարային լանդշաֆտը և ռուսական ժայռապատկերները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից չորեքշաբթի օրը Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված 33 նոր վայրերի շարքում են: Այս կապակցությամբ տեղի ունեցավ հեռահար արարողություն և շնորհանդեսներ

Սալաքարային լանդշաֆտը տեղակայված է հյուսիս-արևմտյան Ուելսի վեց առանձին վայրերում, որոնք ձևավորվել են Արդյունաբերական հեղափոխությունից ի վեր: Այստեղ քարի հանքերն ու հանքաարդյունաբերությունը շարունակում են մնալ տնտեսության կարևոր ճյուղեր:

Ուելսցի պաշտոնյաների խոսքով այն իրենից ներկայացնում է բնական մի լանդշաֆտ, որտեղ մեծ չափով նկատվում է մարդկության ունեցած հսկայական ազդեցությունը հատկապես 19-րդ և 20-րդ դարասկզբի սալաքարային դարաշրջանում: Դա բնական և մարդկային աշխարհների համադրությունն է և նրանց փոխգործակցության եղանակ: Ըստ ուելսցի պաշտոնյայի՝ հենց դա է համոզել ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Ուելսի այս հատվածին շնորհել Համաշխարհային ժառանգության կարգավիճակ:

Ռուսական շուրջ 5000 ժայռապատկերներն էլ պատկանում են նեոլիթյան ժամանակաշրջանին ու գտնվում են հյուսիսարևմտյան Ռուսաստանում՝ Կարելիայի ափերին և կղզիներում: Դրանցից որոշներն ունեն շուրջ 7000 տարվա վաղեմություն: Դրանք հայտնաբերվել են 1926 թ.-ին` Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Բելոմորսկից անմիջապես դուրս գտնվող ժայռի վրա փորագրված:

Հեղինակավոր այս ցուցակում տեղ են գտել նաև այլ վայրեր, ներառյալ Հնդկաստանի Ռամապպայի տաճարը, Գաբոնի Իվինդո ազգային պարկը, Տրանս-իրանական երկաթուղին և այլ կոթողներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը նախորդ տարի նիստ չի գումարել COVID-19 համաճարակի պատճառով: Այս տարվա նիստում դիտարկվեցին 2020 և 2021 թվականներին առաջադրված կոթողները:

Facebook Forum

XS
SM
MD
LG