Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. Բայդենը և Մերքելը հայտարարությամբ հանդես չեն գա «Հյուսիսային հոսք 2» -ի վերաբերյալ


Այսօր Միացյալ Նահանգների և Գերմանիայի ղեկավարների բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող հարցեր: ‘’Բայց ‘’Հյուսիսային հոսքի’’ վերաբերյալ որևէ հայտարարություն ակնկալել հարկավոր չէ’’, հայտարարել է Ազգային անվտանգության խորհուրդը:

Ռուսաստանի կողմից Եվրոպայի անվտանգությանն ու Ուկրաինայի ինքնիշխանությանը սպառնացող ռուսական վտանգը կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի բանակցությունների գլխավոր թեման: Բանակցություններն անցկացվելու են Սպիտակ տանը հինգշաբթի օրն ավելի ուշ:

Այնուամենայնիվ, վարչակազմի պաշտոնյաները չեն կարծում, որ այսօրվա բանակցությունների արդյունքները կհանգեցնեն ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ որևէ հայտարարության, որը, ըստ Մոսկվայի, շուտով կգործարկվի:

Այս մասին լրագրողների հետ հարցազրույցում ասել են Բայդենի վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները:

Կանցլեր Անգելա Մերքելը ամբողջ օրը կանցկացնի Միացյալ Նահանգների ղեկավարության հետ տարբեր հանդիպումներով: Առավոտյան կանցլերը հանդիպում կունենա փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, իսկ կեսօրին մոտ կսկսի հանդիպում նախագահ Բայդենի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիս:

Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողների հարցերին, շեշտել է, որ «Հյուսիսային հոսք 2» -ի հարցը շարունակում է մտահոգել Վաշինգտոնին, որն արդեն բազմիցս բարձրացրել է այս թեման Բեռլինի հետ շփման ընթացքում:

«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Բայդենն այս հարցի շուրջ նորից կկիսի իր նախկին մտահոգությունները կանցլեր Մերքելի հետ, որպեսզի այս խողովակաշարը չօգտագործվի որպես հարկադրական գործիք Ուկրաինայի, Արևելյան Եվրոպայի մեր դաշնակիցների կամ որևէ այլ երկրի դեմ, - ասել է Սպիտակ տան աղբյուրը:

Սպիտակ տունը հավելել է, որ այս հարցի վերաբերյալ հավելյալ նորություններ կարելի է ակնկալել օգոստոսին, երբ Կոնգրես ներկայացվի «Հյուսիսային հոսք 2» -ի դեմ ԱՄՆ-ի պետքարտուղարության պատժամիջոցների վերաբերյալ հերթական զեկույցը:

XS
SM
MD
LG