Մատչելի հղումներ

 
Ռիքերն ուՓաշինյանը հանդիպել են, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը

Ռիքերն ուՓաշինյանը հանդիպել են, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը


Reeker and Pashinyan
Reeker and Pashinyan

ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը կոչ է արել հնարավորինս արագ սկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Երեկ երեկոյան Երևան է ժամանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։

Այսօր առավոտյան արդեն Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատարը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է գտնվել Երևանում, հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ հարաբերությունները: Ֆիլիպ Ռիքերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնները և վերահաստատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:

Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները և օրինակելի համարել 2018 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Նշվել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Ողջունելով ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար: Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում: Արցախի հարցի համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա: Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր: Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ սկսվել է Թբիլիսիից, որտեղ վերջինս հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի, պաշտպանության նախարար Ջուանշերոն Բուրչուլաձեի և ընդդիմության պատգամավորների հետ: Ապա մեկնել է Բաքու, որտեղ բարձրաստիճան պաշտոնայների հետ հանդիպումներից հետո կայացած ասուլիսի ժամանակ Ֆիլիպ Ռիքերը Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զորքերը հետ քաշել սահմանագծից և սահմանազատման հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Նա նշել է, որ հակամարտությունը շատ կյանքեր է խլել, ու Միացյալ Նահանգներին շատ է մտահոգում նոր սրացման հնարավորությունը։

Երկու կողմերին Ռիքերը կոչ է արել հակամարտության երկարատև կարգավորման համար որքան հնարավոր է արագ սկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

XS
SM
MD
LG