Մատչելի հղումներ

Human Rights Watch-ը` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված անօրինական գրոհների մասին


Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից բժշկական հաստատությունների վրա կատարված անօրինական հարձակումների մասին տեղեկություններ ու փաստեր է ստացել Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը:

“Մենք հավաքագրեցինք մանրամասն տվյալներ վկաների ու բժիշկների հետ հարցազրույցների, տեղում այցելությունների, զենքի մնացորդների ուսումնասիրության միջոցով: Ուսումնասիրել ենք նաև հասանելի արբանյակային պատկերներ, վերլուծել դրանք, ինչպես նաև այլ տեսանյութեր և լուսանկարներ: Այս հրապարակումը մանրամասն ուսումնասիրել է Մարտակերտի քաղաքացիական հիվանդանոցի, Մարտակերտի զինվորական հոսպիտալի հրթիռակոծումները և շտապօգնության ավտոմեքենայի վրա հարձակումը” ասում է HRW կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչել Դենբերը:

Կազմակերպության զեկույցի համաձայն, բազմակի անգամ հարվածներ է հասցվել Մարտակերտի հանրային հիվանդանոցին, ինչպես նաեւ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող զինվորական հոսպիտալին:

Այն փաստը, որ Ադրբեջանն այդ հարձակումների ընթացքում կիրառել է իսրայելյան արտադրության LAR-160 մակնիշի արբանյակային կառավարման հրանոթային համակարգ, խոսում է այն մասին, որ հիվանդանոցները նշանառության տակ են հայնտվել դիտավորյալ կերպով: Ըստ Ռոյթըրզից ստացված հաղորդագրությունների, երկու գրոհների արդյունքում հիվանդանոցները կրել են վնասներ: Բարեբախտաբար չեն եղել զոհեր կամ վիրավորներ:

“Մենք բացահայտեցինք, որ Մարտակերտի զինվորական հոսպիտալի հրթիռակոծման ժամանակ, որն արձանագրվել է հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական ուժերը կիրառել են թիրախավորող զինատեսակներ: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել կիրառված զինատեսակին, քանի որ հենց դա է օգնում պարզել, որ սա, անկասկած, նպատակային հարված էր հիվանդանոցի վրա: Այն կատարվել է LAR-160 համակարգով, որը կոչվում է նաև լրացուցիչ տեսակի հրթիռ: Այստեղ հրթիռները ուղղորդվում են արբանյակի միջոցով: Հարվածը հիվանդանոցին հասցվել է այնպիսի հրթիռի օգտագործմամբ, որն ունի GPS ուղղորդման համակարգի նման արբանյակային ուղղորդման համակարգ: Դա թերևս փաստում է, որ թիրախում էր գտնվում հիվանդանոցը: Ուստի սա միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է, որը կարող է լինել նաև ռազմական հանցագործություն”,- ասում է Ռեյչել Դենբերը:

Տեղում կատարված հետաքննոթյան ու վերլուծությունների, ինչպես նաեւ արբանյակային լուսանկարների հիման վրա Human Rights Watch-ը եկել է այն եզրակացության, որ զինվորական հաստատությունները քաղաքում եւ հիվանդանոցների մոտ տեղակայելով, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունները վտանգի տակ են դրել քաղաքացիական անձանց:

Կազմակերպությունը գրանցել է նաեւ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ուժերի կողմից հայկական շտապ օգնության ավտոմեքենայի դեմ կատարված դիտավորյալ հարձակումը, որի արդյունքում զոհվել է ռազմական մի բժիշկ: Ըստ Հայաստանի իշխանությունների, բժշկական առնվազն ինը հաստատություն է վնասվել Ստեփանակերտում, Մարտակերտում ու Ասքերանում:

Ըստ նույն զեկույցի, ադրբեջանական հրետանին հարվածել է նաեւ Աղաբեկալանջի զինվորական հոսպիտալը, որը նույնպես իրականացվել է որպես դիտավորյալ կերպով ընտրված թիրախ: Այստեղ եւս, ինչպես զենքի բեկորներն են ապացուցում, դրանք արձակվել են արբանյակային կառավարման համակարգերով: Ինչպես Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային հաստատությունն է հայտնում, դրանք իրականացվել են իսրայելյան արտադրության LAR-160 համակարգերով, որոնք կիրառել են EXTRA մակնիշի հրթիռներ: Այդ համակարգերը, ըստ նշված հաստատության, Ադրբեջան են տեղափոխվել 2005-2006 թվականների ընթացքում: Դրանք ունեն մինչեւ տասը մետրի ճշգրտություն:

Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է ադրբեջանական ուժերի կողմից նաեւ մի շարք այլ հատվածներում իրականացված գրոհներ, որոնց ժամանակ նպատակային կերպով ընտրվել են քաղաքացիական թիրախներ եւ բժշկական հաստատություններ: LAR-160 տիպի հրթիռների կողմից արձակված նաեւ կասեթային ռումբեր են կիրառվել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ասված է զեկույցում, որտեղ նշվում է միջազգային պայմանագրով դրանց կիրառումն արգելված լինելու հանգամանքը: Ինչպես զեկույցում է ասված, նման ռումբերը, ընկնելով, հաճախ չեն պայթում եւ փաստորեն վերածվում են ականների, որոնք կարող են պայթել պատերազմից հետո:

“Բժշկական հաստատությունների վրա հարձակումը արգելված է Ժնևյան կոնվենցիայով: Սա միջազգային մարդասիրական օրենք է, որը վավերացրել են Հայաստանը և Ադրբեջանը: Այն կարգավորում է զինված հակամարտությունները և սահմանում, թե ինչպես պետք է կողմերը վարեն պատերազմը՝ վստահ լինելու համար, որ ձեռնարկված են բոլոր միջոցները վնասը նվազագույնի հասցնելու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Այսպիսով, այն արգելում է հարձակումներ, որոնք անկանոն են, անհամաչափ և դիտավորյալ քաղաքացիական բնակչության դեմ”,- շեշտում է Դենբերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG