Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ քննարկումներ է իրականացնում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ


Ջո Բայդենի վարչակազմը ուսումնասիրում է Թեհրանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը առցանց հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագրի հնարավոր երկարաձգման քննարկումների համատեքստում, որոնք անցկացնում է նախագահ Բայդենի վարչակազմը:

Հիշեցնենք, որ 2018 թ-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Համաձայնագիրը 2015-ին ստորագրել էին Իրանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ, ԵՄ-ը և Գերմանիան:

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով ՝ Վաշինգտոնը ցանկանում է համուզված լինել, որ այս զարգացումները ներդաշնակ են եվրոպացի գործընկերների մոտեցումների հետ:

Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի պայմանների՝ Իրանը պետք է թույլատրեր միջուկային ոլորտի միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ: Փոխարենը Իրանին խոստացվել էր միջազգային պատժամիջոցների մեղմացում:

Բայդենը նախկինում ասել էր, որ եթե Թեհրանը վերադառնա 2015 թ-ի միջուկային պակտին խիստ հավատարիմ մնալուն, ապա դա կդառնա Վաշինգտոնի և Թեհրանի նոր բանակցությունների ելակետը և ավելի լայն համաձայնագրի հիմքը: Թեհրանն իր հերթին պահանջում է նախ մեղմացնել պատժամիջոցները: Մինչ այդ Իրանը բացառում է անվտանգության ոլորտի ավելի լայն հարցերի քննարկումներ:

Բլինքենի հետ հանդիպմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը:

Իրանական թեմայից բացի, հանդիպմանը քննարկվել են COVID-19 համաճարակի դեմ պայքարը, Ռուսաստանում, Չինաստանում և Մյանմարում զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության խնդիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG