Լեռնային Ղարաբաղի խնդիրը միայն շահերի բախման հակամարտություն չէ, այլ հակամարտություն է, ուր կողմերը ներդրեցին իրենց պատմությունը, մշակույթն ու ինքնությունը, ասում է ամերիկահայ քաղաքական վերլուծաբան և պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ձախողումների ու ապագայի մասին հայ և ադրբեջանցի վերլուծաբանների առցանց քննարկմանը: Նրա կարծիքով բանակցային գործընթացի ձախողումն ունի շատ պատճառներ: Հիմնախնդիրը դարձել է հակամարտության կողմերի ներքաղաքական օրակարգի մաս, իսկ ազգայնական և ծայրահեղական դիրքորոշումը՝ իշխանության պահպանման միջոց:
Լիպարիտյանը Մինսկի խմբի գործունեությունը գնահատում է ՛՛անարդյունավետ՛՛՝ չնայած եռանախագահող երկրները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, ունեն համապատասխան ներուժ, իսկ մի շարք հիմնարար հարցերում եկել էին համաձայնության:
՛՛Նրանք ԼՂ հակամարտությունը դիտարկում էին որպես տարածաշրջանային խնդիր, ուր տարբեր կողմեր ու միջնորդներ ունեն սեփական շահեր, որոնք որոշակիորեն հակասական են: Դրա արդյունքում միջնոդները չօգտագործեցին իրենց ներուժը, չիրականացրեցին այստեղ այսպես կոչված ՛՛դեյթոնը՛՛ և կողմերին չստիպեցին կարգավորել հարցը՛՛,- պնդում է Լիպարիտյանը:
Վերլուծաբան Զաուր Շիրիևի կարծիքով էլ Մինսկի խումբն ավելի շատ գործում էր որպես սուրհանդակ, քան միջնորդ: Նա գտնում է, որ եռանախագահները կարծում էին, որ կողմերը չեն գնա երկուստեք ավերիչ պատերազմի, իսկ դրա բռնկման դեպքում այն կլինի նախկինի նման կարճատև:
՛՛Սա նրանց մոտ տպավորություն է ստեղծել, որ կարող են շարունակել բանակցային գործընթացը երկար տարիներ՛՛,- ասում է Շիրիևը:
Նա կարծիքով, սահմանների ձևավորման հարցը լարվածություն է ստեղծում, քանի որ ընթանում է արագացված տեմպով և անթափանցիկ` մտահոգություն առաջացնելով տեղի բնակչության շրջանում: Պատերազմն ավարտվել է, և չպետք է լինի նոր պատերազմ, շեշտում է ադրբեջանցի վերլուծաբանը՝ ընդգծելով, որ այժմ ժամանակն է խոսել տնտեսական հնարավորությունների մասին:
Դրա հետ մեկտեղ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ բանակցություների առարկա: Եթե նախկինում Բաքվի դիրքրոշումը հիմնված էր ԼՂ-ին ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ տալուն, ապա այսօր, ըստ Շիրիևի, Ադրբեջանը բանակցային նոր գործընթացում խոսում է ԼՂ-ին ավելի ցածր, ՛՛մշակութային՛՛ ինքնավարություն տալու հնարավորության մասին:
Լիպարիտյանը շեշտում է Ադրբեջանի այսօրվա հռետորաբանությունը, որն ըստ նրա՝ ՛՛ռասիստական՛՛ է: Այն որևէ կերպ վստահություն չի ներշնչում հայկական կողմին և չի նպաստում խաղաղության հաստատմանը: Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի, թե ինչպիսի գործելակերպ և հռետորաբանություն է որդեգրում հայկական կողմի նկատմամբ, նշում է պատմաբանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա, նրա կարծիքով, այսօր Երևանն ունի սահմանափակ ազդեցության լծակներ: Երկրում ոչ թե սահմանադրական, այլ առաջնորդների ճգնաժամ է: Ակնհայտ է հիասթափությունը վարչապետ Փաշինյանի նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ հայ հանրությունը խնդիրների լուծումը չի կապում ընդդիմության հետ: Լիպարիտյանը նշում է, որ ՀՀ-ի օրվա իշխանությունները պետք է ճիշտ գնահատեն ստեղծված կացությունը:
Վերլուծաբանները համակարծիք են՝ անհրաժեշտ է հայ-ադրբեջանական ավելի լայն, ուղիղ երկխոսություն:
՛՛Այսօր ընթացող գործընթացը պետք է շարունակվի ուղիղ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև այլ հարթության վրա ևս և ոչ թե հակասի այսօրվա ռուսական միջնոդությամբ գործընթացին, այլ համալրի այն: Սա կնշանակի գիտակցում, որ այս խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի հիմնախնդիրն է՛՛,- ասում է Լիպարիտյանը:
Նոր հնարավոր պատերազմը, եթե այն բռնկվի, չի լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ կլինի տարածաշրջանային, ասում է Լիպարիտյանը՝ ընդգծելով, որ այսօր տարածաշրջանում առկա են շատ անորոշություններ՝ կապված 5 տարի անց ռուս խաղաղապահների հարցում Ադրբեջանի ու ՌԴ դիրքրոշումների կամ Թուրքիայի գործոնի հետ: Զաուր Շիրիևի կարծիքով էլ Թուրքիայի գործոնը փոխել է դրությունը տարածաշրջանում:
Facebook Forum