Մատչելի հղումներ

Հարվարդի հայ ուսանողները՝ պայծառ, նպատակասլաց, հայրենասեր


Հարվարդ՝ համալսարան, որը դարձել է լեգենդ, համալսարան, որի շրջանավարտները պատմություն են կերտում: Գրեթե չորս դար գործող այս համալսարանի 20,000 ուսանողների թվում կան նաեւ հայազգի ուսանողներ, ավելին՝ գործում է Հարվարդի հայազգի ուսանողների կազմակերպություն, որը Հարվարդի համալսարանում մի շարք քննարկումներ եւ միջոցառումներ է կազմակերպում:

Այն հրաշալի վերաբերմունքը, որ ես ստացա հայ բժիշկների կողմից, փարատեց բոլոր կասկածներս

Կազմակերպության անդամներից մի քանիսի հետ մեզ հաջողվեց անձամբ զրուցել: Չնայած երիտասարդ տարիքի, նրանցից յուրաքանչյուրն արդեն իսկ ունի տպավորիչ ձեռքբերումներ ու հավակնոտ ծրագրեր: Յուրաքանչյուրի հայկական արմատները հաճախ կանխորոշել են կյանքի կարեւորագույն ընտրությունը:

«Բժիշկ դառնալու վերջնական որոշում կայացրեցի Հայաստանում»

Գարդենիա Նահիգյանը նախատեսում էր զբաղվել սոցիոլոգիայով եւ մարդու իրավունքների պատմության ուսումնասիրություններով, սակայն, նրա գիտական հետազոտությունը փոխեց ամեն ինչ.

«Ես հետազոտություն էի կատարում ամերիկացի բժիշկների մասին, ովքեր մեկ դար առաջ մեկնեցին պատմական Հայաստան, օգնություն ցուցաբերեցին Ցեղասպանությունից տուժած հայերին, հիմնեցին մանկատներ: Եւ կարդալով բժիշկներից մեկի հուշերը ես այնքան էի ոգեւորվել, որ ինքս էլ սկսեցի մտածել բժիշկ դառնալու մասին»:

Երբ Հայաստանում կամավոր էի աշխատում, ինձ պարզապես հմայեցին տատիկներն ու պապիկները

Գարդենիան սկսում է ուսումը, բժշկական պրակտիկա անցնում, սակայն բժիշկ դառնալու վերջնական որոշումն ընդունում միայն Հայաստան երկու անգամ մեկնելուց հետո.

«Հայաստանում ես որպես կամավոր բժշկական ծառայություններ եմ մատուցել Երեւանի, Վանաձորի եւ Ստեփանավանի հիվանդանոցներում: Պետք է ասեմ՝ այն հրաշալի վերաբերմունքը, այն գիտելիքները, որ ես այդ կարճ ընթացքում ստացա հայ բժիշկների կողմից փարատեցին բոլոր կասկածներս եւ ես վերջնական որոշում կայացրեցի՝ դառնալ բժիշկ»:

Գարդենիա Նահիգյանը վերադառնում է Միացյալ Նահանգներ, շարունակում ուսումը Հարվարդում: Ի դեպ, Հարվարդի ընտրության պատճառներից մեկը Կալիֆոռնիայում ծնված Գարդենիայի համար Բոստոնի մեծ հայ համայնքն էր՝ «Ցանկանում էի շրջապատված մնալ հայ մշակույթով», ասում է Գարդենիան: Նույնիսկ իր մասնագիտական ուղղվածությունը՝ տարեցների առողջապահության ոլորտի ընտրությունը, նրա մոտ ձեւավորվել է Հայաստանում.

«Երբ Հայաստանում կամավոր էի աշխատում, ինձ պարզապես հմայեցին տատիկներն ու պապիկները: Նրանք ինձ անընդհատ զվարճացնում էին, բարձրացնում տրամադրությունս: Սակայն իրականում նրանք ունեին շատ լուրջ բժշկական խնդիրներ, որոնք անընդհատ ուշադրության կարիքն ունեն: Եւ իմ որոշումը վերջնականապես ձեւավորվեց»:

Սիրիահայ փախստականների իրավունքները եւ Հարվարդի Իրավունքի դպրոցը

Հարվարդի Իրավունքի դպրոցի ուսանող Անուշ Բաղդասարյանի հետաքրքրության կենտրոնում միջազգային իրավունքն ու մարդկության դեմ հանցանքներն են: Անուշն ուսումնասիրում է անցումային արդարադատությունն ու մարդկության դեմ հանցանքների եւ զոհերի փոխհատուցման հարցերը.

«Հենց իմ հայկական արմատներն են ինձ դրդել այս ոլորտով զբաղվել: Որպես հայ ես միշտ զգացել եմ, որ մենք չենք կարողանում հաղթահարել ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը: Այդ վերքը չի ամոքվի, մինչեւ չհաստատվի արդարություն, մինչեւ Ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչվի»:

Հենց իմ հայկական արմատներն են ինձ դրդել այս ոլորտով զբաղվել

Այսօր Անուշ Բաղդասարյանը զբաղվում է սիրիահայ փախստականների իրավունքների պաշտպանության հարցի հետազոտությամբ, որի համար արդեն չորս անգամ Հայաստան է այցելել.

«Ես եւ ընկերուհիս, Անին, հատուկ նախագիծ ենք իրականացնում: Հայաստանում մենք հարցազրույցներ ենք վերցնում Սիրիայից ժամանած հայ փախստականների հետ, որոնք հավաքագրում, հատուկ արխիվ ենք ստեղծում: Սիրիահայ փախստականները մեզ հետ զրույցներում վկայություն են տալիս իրենց հետ Սիրիայում տեղի ունեցածի վերաբերյալ: Այնպես որ, եթե մի օր Սիրիայի հարցով միջազգային արդարադատություն ընթանա, Սիրիայի հայերը դուրս չեն մնա փոխհատուցում ստանալու գործընթացից»:

«Ուզում եմ օգնել հայ կանանց»

Մերի Մանուկյանը ամերիկահայ առաջին սերունդն է՝ նրա ծնողները 1990-ականներին էին Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխվել: Հարվարդում իրավաբանություն ուսումնասիրող Մերիի մասնագիտական հետաքրքրությունները ներառում են նաեւ Հայաստանը.

Ես չեմ ուզում այդ հայությունը կորցնել, չեմ ուզում, որ ապագայում երեխաներս մեծանան ու չիմանան՝ հայը ինչ է

«Շատ հեշտ պատկերացնում եմ, որ ապագայում տարվա կեսը կարող եմ անցկացնել Հայաստանում, կանանց կազմակերպությունների հետ աշխատել, որովհետեւ, ճիշտ է, Ամերիկայում եմ մեծացել, Գլենդելում եմ մեծացել, որտեղ հայ համայնքը մեծ է: Ու թեեւ մենք Հայաստանում չենք ապրել, բայց նույն պրոբլեմները, որ կանայք ունեն Հայաստանում, մեզ մոտ էլ են լինում, ուստի, ինձ մոտ այդ ցանկությունը հայ կանանց օգնելու շատ մեծ է»:

Հայաշատ Գլենդելում մեծացած Մերիի խոսքով, Հարվարդ տեղափոխվելուց հետո նա ավելի սուր է զգացել հայապահպանության կարեւորությունը: Մերի Մանուկյանն այս տարի նախատեսում է ավարտել Հարվարդի Իրավունքի դպրոցը, աշխատել Կալիֆոռնիայում որպես իրավաբան, իսկ ամռանը որպես կամավոր փորձել օգնել Հայաստանին: Սակայն, առավել կարեւորը Մերիի խոսքով, հայ ինքնության պահպանումն է.

«Ես չեմ ուզում այդ հայությունը կորցնել, երբ երեխաներ ունենամ, չեմ ուզում, որ ապագայում երեխաներս մեծանան ու չիմանան՝ հայը ինչ է, Հայաստանում ինչ է կատարվում»:

Այսօր նա ակտիվորեն ներգրավված է կանանց, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանման հարցում: Մերիի նպատակներից մեկն է, աշխատանքից ազատ ժամանակ անվճար իրավաբանական պաշտպանություն ապահովել անապահով մարդկանց.

«Մարդիկ կան, որ իրավաբանական ծառայությունների գումարը չեն կարող վճարել, իսկ ես հաճույք եմ ստանում մարդկանց օգնելով»:

«Թավշյա Հեղափոխությունը» հայերի էության արտացոլումն էր»

Գարդենիա Նահիգյանը հատկապես տպավորված էր 2019-ին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից.

«Նա այնքան պատրաստակամ ու բաց էր մեր մասին տեղեկանալու հարցում: Եւ հատկապես հետաքրքրված էր նրանով, թե ինչպես մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման մեջ»:

Հիշում եմ այն օրը, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, անչափ հպարտություն էի զգում

Գարդենիայի խոսքով, 2018-ի «Թավշյա հեղափոխությունը» շրջադարձային պահ էր ոչ միայն Հայաստանի այլեւ՝ ողջ աշխարհի հայության համար.

«Հիշում եմ այն օրը, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ: Ես անչափ հպարտություն էի զգում: Եվ դրանից հետո պատմելով ընկերներիս Հայաստանի մասին ես միշտ ավելացնում եմ՝ Հայաստանում հեղափոխություն եղավ, բայց ոչ ոք այդ հեղափոխության ընթացքում չզոհվեց: Եւ կարծում եմ, այդ հեղափոխությունն արտացոլում է մեր էությունը: Հայերը վերապրելով ցեղասպանություն գիտեն, թե բռնությունը ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ եւ խաղաղ հեղափոխությամբ ասես փաստեցին, որ խնդիրները միայն խաղաղ ճանապարհլվ պետք է լուծվեն»:

Գարդենիա Նահիգյանի հեռակա նպատակն է ԱՄՆ-ում կայանալ որպես բժիշկ, աշխատանք գտնել, եւ յուրաքանչյուր ամառ Հայաստան գալ կամավոր աշխատելու.

Ամեն անգամ զբոսնելով Հարվարդի համալսարանի պուրակում, ես մտածում եմ իմ պապիկների ու տատիկների մասին, չէ որ հենց նրանց շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ

«Իմ հայրական կողմը Միացյալ Նահանգներ է եկել փրկվելով Ցեղասպանությունից, նավով: Եւ ամեն անգամ զբոսնելով Հարվարդի համալսարանի պուրակում ես մտածում եմ նրանց մասին, իմ պապիկների ու տատիկների մասին, չէ որ հենց նրանց շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ: Նրանց հիշատակը հարգելով նաեւ ես ցանկանում եմ ծառայել Հայաստանի ժողովրդին»:

«Նիկոլի՝ վարչապետ դառնալուց հետո մարդկանց մոտ հույս է առաջացել»

Հայաստանից անբաժան է դիտարկում իր ապագան նաեւ Անուշ Բաղդասարյանը.

«Չեմ կարծում, իմ ապագան երբեւէ կարող է կապված չլինել իմ հայ լինելու հետ: Չեմ պատկերացնում, որ երբեւէ ներգրավված չլինեմ հայկական հարցերի մեջ»:

Չեմ կարծում, իմ ապագան երբեւէ կարող է կապված չլինել իմ հայ լինելու հետ

«Թավշյա Հեղափոխությունը» Անուշին նույնպես տպավորել էր: Նրա խոսքով, հասարակության շրջանում հեղափոխությունից հետո փոփոխությունն ակնհայտ է.

«Երբ հերթական անգամ Հայաստանում էի ամռանը, նկատեցի այդ փոփոխությունը: Ինձ թվում է, որ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո մարդկանց մոտ հույս է առաջացել»:

Անուշ Բաղդասարյանին հատկապես դուր է գալիս Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումը, սփյուռքի ներգրավման անհրաժեշտության մասին.

«Հայ լինելը յուրահատուկ մի բան է: Անկախ նրանից, թե աշխարհի որ մասում հայտնվես, երբ մեկ այլ հայի ես հանդիպում, մի նոր համայնք ես ստեղծում: Ամռանը Ժնեւում էր եւ այնտեղ հայերի հանդիպեցի, ովքեր ինձ իրենց մոտ հրավիրեցին: Եւ ահա ժամեր անց ես ինձ հարազատ միջավայրում էի զգում»:

Facebook Forum

XS
SM
MD
LG