Մատչելի հղումներ

«Հայաստանի քաղաքացիները չեն ուզում տարիներ շարունակ բարեփոխումների արդյունքների սպասել»՝ ամերիկյան փորձագետ


- Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Սկսենք Հայաստան կատարած ձեր վերջին այցից. Ի՞նչ տպավորություններ ունեք եւ ինչո՞վ կարող է Հայաստանին օգնել ձեր կենտրոնը:

- Այցն ինձ համար իսկապես շատ տպավորիչ էր: Հատկապես տպավորված եմ խորհրդարանում անցած լսումներով, այն փաստով, որ խորհրդարանը ոչ միայն շատ բաց եւ թափանցիկ էր անցումային արդարադատության իրականացման իր ծրագրերի, այլեւ՝ քաղաքացիների ներգրավման հարցում, այս գործընթացում վստահության ձեւավորման համար:

Երկրորդը, շատ տպավորված եմ Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ, ինչպես լսումների ընթացքում խորհրդարանի ներսում, այնպես էլ՝ խորհրդարանից դուրս, բողոքների եւ աջակից ցույցերով: Կարծում եմ, սա ոչ միայն սոսկ հասարակական քննարկում էր, այլ նաեւ թույլ տվեց մարդկանց գիտակցել, որ անցումային արդարադատությունը ոչ միայն իրավական եւ քաղաքական քննարկման առարկա է, այլեւ՝ քաղաքացիների լայն շրջանակի հետ քննարկելու հարց:

- Ձեր կողմից Հայաստանին ո՞ր քայլերի հերթականությունը կառաջարկեիք: Ընտրությունն անողը Հայաստանն է, անշուշտ, սակայն, որո՞նք են այլ երկրների փորձից ելնելով հաջողված ճանապարհները:

- Խորհրդարանական լսումների ընթացքում ես մի շարք օրինակներ նշեցի: Այդ օրինակները առավել մոտ են Հայաստանի իրավիճակին, ինչի պատճառով էլ մեր կողմից հիշատակվել էին: Օրինակ, ես նշեցի Պերուն, որտեղ անցումային արդարադատության մաս էր կազմում կոռուպցիայի դեմ պայքարը: Ես նշեցի Հարավային Աֆրիկան, որտեղ երկրորդ փուլում ստեղծվել է պետության բռնազավթումն ուսումնասիրող հանձնաժողովը: Ինչպես ես հասկանում եմ, Հայաստանում կոռուպցիայի խնդիրը, օլիգարխների կողմից նախկինում պետպաշտոնյաներին կառավարելու հարցը պետության բռնազավթման հարց է: Հայաստանում հանդիպումների եւ ուսումնասիրությունների ընթացքում ես հասկացա, որ Հայաստանի համար անցումային արդարադատությունը պետք է կարգավորի երկու հիմնական հարցեր՝ կոռուպցիան, որը կարող է կարգավորվել նաեւ վեթթինգի գործընթացով, կոռուպցիայի մեջ ներգրավված նախկին պաշտոնյաների դատապարտումը եւ համակարգային բարեփոխումները: Երկրորդ խոշոր շրջանակը մարդու իրավունքների խախտումներն են, որոնք տեղի են ունեցել վերջին տասնամյակում կամ դրանից էլ առաջ՝ Խորհրդային Միությունից անցում կատարելուց հետո: Նման դեպքերում, կարծում եմ, արդարության հանձնաժողովը տեղին կլինի, որը զբաղվում է ոչ թե անհատներին պատասխանատվության ենթարկելով, այլփոփոխություններ կյանքի կոչելով՝ անցյալի սխալները չկրկնելու համար:

- Հայաստանը հայտարարել է Եվրամիություից օգնություն խնդրելու մտադրության մասին՝ բարեփոխումների նպատակով եւ դատավորների աշխատավարձը բարձրացնելու համար: Հակառակ կողմից լսվում է քննադատություն այն մեկնաբանմամբ, որ Եվրոպայի կողմից վճարվող դատավորները որոշ գործերում կարող են անկողմնակալ չլինել: Այլ երկրներում արդյո՞ք սա խնդիրներ է առաջացրել:

- Իրականում անցումային արդարադատության գործընթացում հիբրիդային դատարաններ ունենալն արտասովոր բան չէ: Օրինակ, ինչպես նշեցի խորհրդարանում ելույթիս ընթացքում, Գվատեմալայում գործող ՄԱԿ-ի եւ Գվատեմալայի հիբրիդային կառույցը, որը ստեղծված էր այսպես կոչված բարձր ռիսկային հանցագործությունները հետաքննելու նպատակով՝ կոռուպցիայից մինչեւ թմրամիջոցների թրաֆիքինգ: Անշուշտ, սա քննչական, այլ ոչ թե դատական մարմին է։ Այս մարմինն այնուհետեւ դիմում է դատարան, սակայն, սա մի օրինակ է հիբրիդային կառույցի, որտեղ միջազգային քննիչները, իսկ այլ դեպքերում՝ նույնիսկ արտերկրյա դատավորները մասնակցում են անցումային արդարադատության գործընթացին, որովհետեւ նրանք շահեր չունեն ներքին գործընթացներում, այլ ունեն անհրաժեշտ հատուկ գիտելիքներ, որոնք կարող են փոխանցել մասնագետներին երկրի ներսում: Եվ ամենակարեւորը՝ նրանք գալիս են ժամանակավորապես. Նրանք չեն գալիս փոխարինելու տեղական դատական համակարգը: Ուստի, սա քայլերի շարք է, եւ պարտադիր չէ, որ բոլոր քայլերը տեղի ունենան։ Անպայման չէ, որ Եվրամիությունը վճարի դատավորներին։ Այն կարող է աջակցել տարբեր ճանապարհներով, օրինակ՝ տրամադրելով քննիչներ: Բացի այդ, Հայաստանում փորձում են վերադարձնել երկրից դուրս բերված միջոցները, եւ այդ գործի համար ուղղակի պահանջվելու է Եվրամիության մասնակցությունը, քանի որ այդ միջոցներից շատերը պահվում են Եվրամիության կամ ԵՄ-ին մոտ երկրներում:

- Մեկ այլ տարածված հակափաստարկ է, որ այս գործընթացը ֆինանսավորվում է Սորոսի կողմից: Արդյո՞ք ընդհանրապես անցումային արդարադատության գաղափարը դրսից է բերվում, թե՞ դա մի բան է, որ երկրի հանրությունն ինքն է պահանջում:

- Վարչապետի հետ մեր առաջին իսկ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանի առաջին խոսքերից էր՝ անցումային արդարադատություն: Նա տեղյակ էր անցումային արդարադատության գաղափարից մինչեւ մեր կենտրոնի մասին տեղեկանալը: Անցումային արդարադատությունը գործընթաց է, որը վերջին երեք տասնամյակների ընթացքում տեղի է ունեցել բազմաթիվ երկրներում: Դա հասարակական կազմակերպությունների կամ որեւէ հիմնադրամի հնարք չէ, դա տեղի է ունեցել ամենատարբեր երկրներում՝ հետբռնատիրականներից մինչեւ հակամարտություն վերապրած երկրներ: Անցումային արդարադատությունը դավադրություն չէ, փորձ չէ կառավարություններին որեւէ ուղղությամբ տանելու:

- Կրկին մի հակափաստարկ՝ ոմանք ասում են, որ անցումային արդարադատությունն անհրաժեշտ է լուրջ փորձություններ անցած երկրների համար, իսկ Հայաստանի նման երկրի համար նախընտրելի է առաջ ընթանալ փոքր էվոլյուցիոն քայլերով, որոնք կարող են պահանջել երկար տարիներ:

- Ինչ վերաբերում է էվոլյուցիոն մոտեցմանը, ասեմ, որ Հայաստանում արվել են դատական բարեփոխումների մի քանի փորձ՝ ոչ միայն վերջին տասնամյակում այլեւ մինչեւ այդ: Հայաստանը նախկինում նույնպես ստացել է Եվրամիությունից աջակցություն դատական բարեփոխումներ իրականացնելու համար: Միգուցե, Հայաստանի քաղաքացիներին եւ այդ բարեփոխումներն իրականացնողներին անհրաժեշտ է հարց ուղղել՝ ի՞նչ տեղի ունեցավ այդ փոքր քայլերի հետ, ի՞նչ եղավ այդ դանդաղ իրականացվող, փաստաթղթերով հագեցած, հաճախ թղթի վրա գեղեցիկ առաջարկներին՝ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Չեմ կարծում, Հայաստանում հեղափոխություն տեղի ունենար, եթե այդ քայլ-առ-քայլ բարեփոխումները իրականում աշխատեին:

Ուստի, անցումը հաճախ տեղի է ունենում, որովհետեւ եղել է անցյալի հետ խզում, որը հերթական ընտրությունների արդյունք չէ, այլ զանգվածային, որոշ դեպքերում բռնի, իսկ Հայաստանում բարեբախտաբար՝ չափազանց խաղաղ փոփոխությունների արդյունք: Հայաստանում նախորդ իրավիճակի սարսափելի ծանրությունը չէ կամ բռնության բարձր մակարդակը չէ, որ ձեւավորել է անցումային արդարադատության պահանջը: Դրա հիմքում է այն գաղափարը, որ Հայաստանի քաղաքացիները կորցրել էին հավատը պետական հաստատությունների նկատմամբ եւ պահանջում են նորամուծություն, սակայն, չեն կարող սպասել այդքան երկար՝ կրկին նույն իրավիճակին վերադառնալու վտանգի առկայությունը զգալով: Սա է անցումային արդարադատության խթանը:

XS
SM
MD
LG