Ստամբուլի քաղաքագլխի համար անցկացված ընտրություններում մարտ ամսին հաղթանակ տարավ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն, ինչպես շատերն են ասում, քաղաքական բաժանումները վերացնելու իր արշավի շնորհիվ: Այսօր դրան նա գումարում է ժողովրդավարության սկզբունքների կարեւորությունը:
ՈՒ քանի որ իշխանությունները, նախագահ Էրդողանի կոչերին ենթարկվելով, չեղյալ հայտարարեցին ընտրությունների արդյունքը, քաղաքում այսօր շատ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր ասում են, որ իրենց ձայնը հենց այդ պատճառով պիտի տան Իմամօղլուին:
Իմամօղլուին են աջակցում նաեւ քաղաքի այն երիտասարդները, որոնք քաղաքի համար աշխատատեղեր են պահանջում, գործազրկության կրճատում, այն ինչի մասին խոստումներ է տալիս Իմամօղլուն:
Կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յիլդիրիմը սակայն տնտեսության մասին չի խոսում, այլ խոսքում հիմնական շեշտադրումը կատարում է մարտ ամսվա ընտրությունների վրա ու շարունակ պնդում, որ դրանք կեղծելու արդյունքում էր իր մրցակիցը տարել հաղթանակ:
Կան նաեւ նրա խոսքերին հավատացող քաղաքացիներ, որոնք կարծում են, թե իրենց ձայնը մարտին գողացել էին:
Այն փաստը, որ Ստամբուլը կազմում է Թուրքիայի ամբողջ տնտեսության մեկ երրորդը եւ ունի տարեկան ութ միլիարդ դոլարի բյուջե, խոսում է այն մասին, որ այս քաղաքի համար պայքարը հանգիստ լինել չի կարող: Այստեղ շատ են ասում, ‘’ով կառավարում է Ստամբուլը, նա էլ կառավարում է Թուրքիան’’:
Այդ պատճառով է նախագահ Էրդողանն ամեն կերպ ջանում, որ այստեղ ընտրվի իր կուսակցության թեկնածուն: Եվ այն փաստը, որ վերջին հարցումների արդյունքում իր այդ թեկնածուն մեծապես հետ է մնում ընդդիմության մրցակցից, խոսում է Էրդողանի իշխանության երերուն լինելու մասին: Ստամբուլի ընտրությունները կարող են որոշել Էրդողանի քաղաքական ապագան: