Մատչելի հղումներ

Սպիտակ տունը փորձել է թաքցնել «Ջոն Մաքքեյն» կործանիչը Թրամփից


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Ճապոնիա կատարած այցի ընթացքում Սպիտակ տան աշխատակազմի անդամները փորձել են թաքցնել «Ջոն Մաքքեյն» կործանիչ ռազմանավը Թրամփի տեսադաշտից: Հիշեցնենք, Դոնալդ Թրամփը լարված հարաբերություններ է ունեցել 9 ամիս առաջ կյանքից հեռացած հանրապետական Ջոն Մաքքեյնի հետ: Փորձի մասին է վկայում Սպիտակ տան աշխատակազմի եւ ԱՄՆ-ի 7-րդ նավատորմի միջեւ նամակագրությունը:

«Ջոն Մաքքեյն ռազմանավը պետք է տեսադաշտից դուրս հանվի» նախագահ Թրամփի այցի ընթացքում, նշված է նամակագրության մեջ: Տեղի հրամանատարները սկզբնական շրջանում փորձել էին տեղափոխել ռազմանավը կամ թաքցնել դրա անվանումը, սակայն, երբ այդ մասին տեղեկացել էր բարձրագույն հրամանատարությունը, փորձը չեղարկվել է եւ «Ջոն Մաքքեյն» կործանիչը հպարտ կանգնած էր տեսադաշտում Դոնալդ Թրամփի Ճապոնիա կատարած ամբողջ այցի ընթացքում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փեթ Շանահանը լրագրողներին ասել է, որ տեղյակ չէր Սպիտակ տան աշխատակիցների դիմումի մասին եւ մանրամասներին տեղեկացել է մամուլից: Նախագահ Թրամփը Թվիթերում նույնպես գրել է, որ տեղյակ չի եղել իր աշխատակիցների կողմից նման դիմումի մասին: «Ջոն Մաքքեյն» ռազմանավը անվանել էին սենատոր Մաքքեյնի հոր եւ պապի պատվին, ովքեր զինվորական հրամանատարներ էին:

XS
SM
MD
LG