Մատչելի հղումներ

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը տոնում են Առաջին Հանրապետության 101-ամյակը


Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակը՝ Հանրապետության տոնը:

Հայաստանի առաջին Հանրապետության պետական այրերի գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների արյունը իզուր չի հեղվել: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում կայացած միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

101 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք:

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Ինչպես վարչապետ Փաշինյանը նշեց իր ելույթում. ''Սարդարապատի հուշահամալիր ենք գնում Առաջին Հանրապետության պետական այրերին ասելու, որ իրենց բարձրացրած դրոշն ամենևին թանգարանային նմուշ չէ, այլ ծածանվում է որպես Հայաստանի անկախ Հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ: Նրանց գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի՛՛:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը:

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ աշխարհի հայկական տարբեր համայքներում:

XS
SM
MD
LG