Մատչելի հղումներ

Արևելյան գործընկերության ձեռքբերումների ու բացթողումների առաջին տասնամյակը՝ վերլուծաբանների կարծիքով


Այս տարվա մայիսին լրանում է Արևելյան գործընկերության հիմնադրման 10 տարին: Ամերիկայի Ձայնի հետ զրույցում փորձագիտական շրջանակները գնահատում են նախաձեռնության առաջին տասնամյակի ընթացքն ու արդյունքները

Փորձագիտական շրջանակները ընդհանուր առմամբ դրական են գնահատում Արևելյան գործընկերության նախաձեռնության նշանակությունը այս ձևաչափի մասնակից հետխորհրդային վեց երկրների համար, որոնց թվում է նաև Հայաստանը:

Վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ընդգծում է, որ այն ցույց է տալիս Եվրամիության հետաքրքրությունն ու մասնակից երկրների հետ գործընկերային հարաբերություններ ունենալու ցանկությունը՝ առանց դաշինքին անդամակցելու պարտավորության:

«Եվրամիության համար դա միջոց էր այս տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցման՝ առանց նրանց ընդգրկելու իր տնտեսական կամ քաղաքական դաշտում»,- նշում է Սթրոնսկին:

Վերլուծաբան Ռուբեն Էլամիրյանի կարծիքով էլ նախաձեռնության զարգացման ընթացքն այս տարիներին ունեցել է վերելքներ և անկումներ: Ըստ նրա՝ վերջին տարիներին գործընկերության նկատմամբ Եվրամիության կողմից նկատվում էր որոշակի անտարբերություն, սակայն անցած տարվանից, ըստ վերլուծաբանի, այս ուղղությամբ կրկին արձանագրվեց աշխուժություն Բրյուսելում: Էլամիրյանը չի բացառում Չինաստանի քաղաքականության և վերջինիս ենթակառուցվածքային ծրագրի զարգացման ազդեցությունն այս հարցում:

Նա դրական է գնահատում Հայաստանի հարաբերակցումը Եվրամիության հետ այս ձևաչափի ներքո:

«Հայաստանի պարագայում գնահատականը դրական է, քանի որ արդյունքում տեղի են ունենում քաղաքական, տնտեսական ոլորտներում բարեփոխումներ, միջոցներ են տրամադրվում քաղաքացիական հասարակության զարգացման համար»,- նշում է վերլուծաբանը:

Նախաձեռնության զարգացման ընթացքում արձանագրվել են նաև բացթողումներ: Դրան նպաստել է նաև Ռուսաստանի քաղաքականությունն ի դեմս եվրասիական դաշինքի ստեղծմանն ու այն Արևելյան գործընկերությանը հակադրելուն։ Ըստ Փոլ Սթրոնսկու՝ դա հավելյալ խնդիրներ ստեղծեց նախաձեռնության համար:

«Եվրոպացիները շատ հարցերում առաջնորդվում էին «մեկ մոդել բոլորի համար» մոտեցմամբ, որը սակայն եվրասիական տարածաշրջանի այս երկրների պարագայում ձախողված էր, քանի որ այս երկրներն ունեն առանձնահատուկ աշխարհագրական, անվտանգության հետ կապված խնդիրներ: Կարծում եմ, Եվրոպան չէր գիտակցել դա»,- նշում է Սթրոնսկին:

Ռուբեն Էլամիրյանն իր հերթին Արևելյան գործընկերության զարգացման ընթացքը բաժանում է պայմանական երկու տարբեր ժամանակահատվածների:

«Պետք է թերևս տարանջատենք ժամանակահատվածները 2008-09 թթ.-ից մինչև 2013 թվականն ու այդ թվականից առայսօր: Կարծիք կա, որ ի սկզբանե Արևելյան գործընկերությունը ստեղծվել էր որպես Ռուսաստանի դերակատարությունը նվազեցնելու գործիք: Սակայն, կարծես թե, 2013-14 թթ իրադարձություններից հետո Բրյուսելը վերանայել է այս մոտեցումը և այժմ խոսքն ավելի շատ տնտեսական զարգացման, ժողովրդավարացման մասին է, որպեսզի այս պետությունները լինեն ինքնաբավ ու կարող լինեն համագործակցել ԵՄ հետ՝ ապահովելով Եվրամիության հարևանությամբ ռազմավարական կայունությունը»:

Ինչ վերաբերում է ԵՄ հետ առևտրային համաձայնագրին, որը ստորագրել են Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ընդգծում է, որ առևտրային համաձայնագրի կնքումը չհանգեցրեց այդ երկրների տնտեսական կտրուկ աճին: Դրա հետ մեկտեղ նա կարևորում է նրանց ապրանքների համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին:

Ինչպիսի ապագա է սպասում Արևելյան գործընկերությանը, ցույց կտան հետագա զարգացումները, սակայն նախաձեռնության անդամ յուրաքանչյուր երկիր իր սեփական ուղին է հարթում եվրոպական դաշինքի հետ քաղաքական և առևտրային հարաբերությունների ձևավավորման հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG