Մատչելի հղումներ

Զարգացնել տնտեսական փոխգործակցությունը, ամրապնդել առևտրային կապերը, մանրամասներ ՀՀ և Լյուքսեմբուրգի վարչապետների հանդիպումից


Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով։ Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հասնել հաջողությունների և իրականացնել նախանշված ծրագրերը՝ Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Լյուքսեմբուրգի վարչապետը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Նա ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով` Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը և այժմ կառավարության քայլերն ուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և կարևորել լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ կարևորագույն ներկայացուցչական միջոցառմանը:

Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում` տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարևորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը:

Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ ՀՀ վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ:

XS
SM
MD
LG